Tesla-ն Գերմանիայում 3 մլրդ եվրոյով Cybercab-ի գործարան կկառուցի՝ տարեկան 1 մլն ռոբոտաքսի արտադրելու համար
Tesla-ն պաշտոնապես հաստատել է 3 մլրդ եվրոյի առաջին ներդրումը՝ Giga Berlin գործարանի նոր արտադրական մասնաշենքի կառուցման համար։
Այնտեղ կհավաքվեն Cybercab անօդաչու տաքսիները՝ տարեկան մինչև 1 մլն ավտոմեքենա արտադրելու հնարավորությամբ։ Արտադրությունը նախատեսվում է սկսել 2029 թվականին։ Խնդիրն այն է, որ այսօր Եվրոպայում Tesla-ն իրավական առումով չի կարող շահագործել այս տեսակի որևէ ավտոմեքենա։
Որոշման մասին աշխատակիցներին տեղեկացնելուց հետո հայտարարել է գործարանի ղեկավար Անդրե Տիրիգը։ Միջոցներն ուղղվելու են գործող գործարանից հյուսիս նոր արտադրական մասնաշենքի, օժանդակ շինությունների և կեղտաջրերի մաքրման երկրորդ համակարգի կառուցմանը։ Tesla-ն նախատեսում է շինարարության թույլտվության հայտը ներկայացնել մինչև տարեվերջ, աշխատանքները սկսել 2027 թվականի առաջին կեսին, իսկ արտադրությունը՝ 2029 թվականին։
Ընկերությունը խոստանում է, որ նոր մասնաշենքը կդառնա Tesla-ի տեխնոլոգիապես ամենաառաջադեմ գործարանն աշխարհում։ Ավտոմատացման գծով ինժեներ Սթիվեն Շոլտիսեկի տվյալներով՝ նախագիծն անցյալ շաբաթ անձամբ հաստատել է Իլոն Մասկը, իսկ նոր արտադրամասը կլինի ավելի մեծ, քան սկզբնական գործարանը։
Հատկանշական է, որ գործարանի տարածքը վաղուց պատրաստ է ընդլայնման։ Tesla-ն դեռևս 2023 թվականին շինարարական թույլտվության փաստաթղթերում ներառել էր Giga Berlin-ի արտադրական հզորությունը տարեկան 1 մլն ավտոմեքենայի հասցնելու ծրագիրը։ Նորությունը միայն արտադրանքի տեսակն է. ավելի վաղ ընկերությունը խուսափողականորեն հայտարարում էր, որ երկրորդ մասնաշենքը չի դառնալու Model Y-ի հերթական արտադրամասը։
Ներկայումս գործարանը շարունակում է արտադրել միայն Model Y մոդելը։ Այս տարի պահանջարկի վերականգնման ֆոնին Tesla-ն կրկին սկսել է աշխատակիցներ ընդունել՝ նպատակ ունենալով շաբաթական արտադրել 7500 ավտոմեքենա։ Սակայն նույնիսկ այդ տեմպի պահպանման դեպքում գործարանը չի հասնի տարեկան 500 հազար ավտոմեքենայի արտադրության այն ծավալին, որը խոստացվել էր 2022 թվականին՝ գործարանի բացման ժամանակ։
Հիմնական հակասությունը կապված է եվրոպական կարգավորումների հետ։ ԵՄ-ում անօդաչու ավտոմեքենաները կարող են հավաստագրվել միայն «փոքր սերիայի» ընթացակարգով, որը սահմանափակում է մեկ մոդելի գրանցումների թիվը տարեկան 1500-ով՝ ամբողջ միության տարածքում։ Մարտին այս սահմանափակումը վերացվել է միայն ավտոմատ կայանման համակարգերի համար, մինչդեռ ռոբոտաքսիները շարունակում են մնալ փոքր սերիայի կատեգորիայում։
Tesla-ն Եվրոպայում դեռևս չունի նաև անօդաչու վարման ծրագրային թույլտվություն։ Նիդեռլանդների RDW կարգավորող մարմինը հավանություն է տվել միայն վարորդի վերահսկողությամբ աշխատող տարբերակին՝ Tesla Assisted Driving երկրորդ մակարդակի համակարգին, որը ճանաչվել է ևս ինը երկրներում։ Իսկ Cybercab-ը չունի ո՛չ ղեկ, ո՛չ ոտնակներ, ինչը նշանակում է, որ այն պետք է հավաստագրվի որպես ինքնավարության չորրորդ մակարդակի ավտոմեքենա։ Սա սկզբունքորեն այլ ընթացակարգ է, որը Tesla-ն Եվրոպայում դեռևս չի անցել։
Վստահություն չի ներշնչում նաև ամերիկյան ծրագիրը։ Ռոբոտաքսիները շարունակում են գործել միայն աշխարհագրական սահմանափակումներով գոտիներում, դուրս չեն գալիս մայրուղիներ և պարբերաբար վթարների են ենթարկվում։ Հուլիսի դրությամբ Tesla-ն ԱՄՆ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությանը (NHTSA) հայտնել էր 22 միջադեպի մասին։ Սա նշանակում է մեկ վթար յուրաքանչյուր 90 հազար կիլոմետրի հաշվով՝ մոտ ինը անգամ ավելի վատ ցուցանիշ, քան միջին վիճակագրական վարորդի դեպքում։
Տեխասում Cybercab-ի շահագործումը մեկնարկել է ապրիլին, սակայն հոկտեմբերի վերջին այնտեղ գրանցված էր ընդամենը 463 ավտոմեքենա։ Օրերս Tesla-ն սկսել է Cybercab-ի պատվերներ ընդունել՝ 29 990 դոլար գնով, ինչպես նաև ամսական 299 դոլար պարտադիր բաժանորդագրության պայմանով։ Սակայն այդ ավտոմեքենաներով կարելի է երթևեկել միայն Robotaxi ծառայության համար նախատեսված աշխարհագրական սահմանափակումներով գոտիներում։
Տարեկան 1 մլն անօդաչու ավտոմեքենա արտադրելու համար 3 մլրդ եվրոյի ներդրումը ռիսկային է թվում արդեն այսօր։ Եվրոպայում նման ծավալի համար համապատասխան շուկա չկա, իսկ ղեկ և ոտնակներ չունեցող անօդաչու ավտոմեքենաները դեռևս հավաստագրված չեն ԵՄ անդամ երկրներից և ոչ մեկում։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

