Կրիպտոակտիվների շուկան հոկտեմբերին կորցրել է 9.1%․ գնաճը և Ֆեդերալ պահուստային համակարգի քաղաքականությունը ճնշում են գները
2026 թվականի հոկտեմբերին կրիպտոակտիվների շուկայի վերականգնումը շարունակություն չի ունեցել։ Սեպտեմբերյան 11% աճից հետո շուկայի ընդհանուր կապիտալիզացիան մեկ ամսում նվազել է 9.1%-ով՝ հասնելով 2,70 տրլն դոլարի։ Այսպիսով, նախորդ ամսվա աճի մեծ մասը չեզոքացվել է։
Աղբյուր՝ Binance Research-ի 2026 թվականի նոյեմբերի շուկայի ամսական վերլուծություն։
Այս անգամ անկման հիմնական պատճառները կրիպտոարդյունաբերությունից դուրս էին։ ԱՄՆ-ում գնաճի արագացումը, դեկտեմբերին Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) կողմից տոկոսադրույքի բարձրացման աճող սպասումները և ֆոնդային շուկայի տեխնոլոգիական հատվածում բաժնետոմսերի զանգվածային վաճառքներն ուժեղացրել են ներդրողների զգուշավորությունը։ Լրացուցիչ ճնշում են գործադրել կրիպտոակտիվների հետ կապված բորսայական ֆոնդերից կապիտալի արտահոսքերը։
Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան սերտորեն է կրիպտոակտիվների շուկան կապված ընդհանուր մակրոտնտեսական զարգացումների հետ։ Նույնիսկ կարգավորման ոլորտում արձանագրված զգալի առաջընթացի պայմաններում շուկայի մասնակիցների տրամադրությունները մեծապես պայմանավորվել են գնաճի տվյալներով և դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ազդակներով։
Գնաճը և ԴՊՀ տոկոսադրույքը՝ ամսվա գլխավոր գործոնները
Հոկտեմբերին շուկայի վրա ճնշման հիմնական աղբյուրը ԱՄՆ մակրոտնտեսական վիճակագրությունն էր։ Binance Research-ի վկայակոչած տվյալներով՝ սեպտեմբերին գնաճն արագացել է՝ հասնելով 3.7%-ի, մինչդեռ ոչ գյուղատնտեսական հատվածում աշխատատեղերի թիվն ավելացել է ընդամենը 29 հազարով։
Բարձր գնաճի և թույլ աշխատաշուկայի նման համադրությունը բարդ իրավիճակ է ստեղծում կարգավորողի համար։ Հոկտեմբերի 28-ին Դաշնային պահուստային համակարգը հիմնական տոկոսադրույքը պահպանել է 3.75–4.00% միջակայքում, սակայն կոմիտեի երկու անդամ հանդես են եկել դրա բարձրացման օգտին։ Նիստից հետո ֆյուչերսների շուկայում դեկտեմբերին տոկոսադրույքի բարձրացման հավանականությունը գնահատվել է 80–85%։
Կրիպտոակտիվների շուկայի համար սա կարևոր ազդակ է։ Ավելի խիստ դրամավարկային քաղաքականության սպասումները սովորաբար նվազեցնում են ռիսկային ակտիվների նկատմամբ հետաքրքրությունը, քանի որ տոկոսադրույքների բարձրացման պայմաններում ներդրողներն ավելի հաճախ նախապատվությունը տալիս են պահպանողական ներդրումային գործիքներին։ Հոկտեմբերին նմանատիպ արձագանք է դիտվել նաև ֆոնդային շուկայում, որտեղ վաճառքների ալիքը տարածվել է տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի վրա։
Աղբյուր՝ Binance Research։
Կարգավորում․ օրենսդրական գործընթացը դանդաղում է, կանոնների մշակումը՝ շարունակվում
Կարգավորման տեսանկյունից հոկտեմբերը հակասական էր։ ԱՄՆ-ում կրիպտոակտիվների շուկայի կառուցվածքը սահմանելու և կարգավորող մարմինների լիազորությունները տարանջատելու նպատակով մշակված CLARITY Act օրինագիծը Կոնգրեսում առաջընթաց չի գրանցել։
Միևնույն ժամանակ, առանձին գերատեսչությունների մակարդակով կանոնների մշակումը շարունակվել է։ ԱՄՆ արժույթի վերահսկիչի գրասենյակը (OCC) նախկինում ընդունված GENIUS Act օրենքի շրջանակում հաստատել է ստեյբլքոյնների համար նախատեսված ստանդարտները։ Ապրանքային ֆյուչերսների առևտրի հանձնաժողովը (CFTC) սկսել է կրիպտոակտիվների վերաբերյալ կանոնների մշակման գործընթացը, իսկ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) ավարտել է այդ թեմայով հանրային խորհրդակցությունները։
Այսպիսով, կարգավորող դաշտի ձևավորումն ընթանում է միաժամանակ մի քանի մակարդակներում։ Նույնիսկ օրենսդրական գործընթացի դանդաղման պայմաններում առանձին կարգավորող մարմինները շարունակում են իրենց լիազորությունների շրջանակում կանոններ սահմանել։
Ոլորտի համար սա նշանակում է պահանջների աստիճանական հստակեցում, թեև առանցքային օրենքի ընդունման ժամկետները դեռևս անորոշ են։
Ֆոնդերից կապիտալի արտահոսք և երկրորդ անընդմեջ բացասական հոկտեմբեր
Մակրոտնտեսական անորոշության պայմաններում նվազել է ինստիտուցիոնալ ներդրողների պահանջարկը։ Ամսվա ընթացքում Bitcoin-ի գինը մի քանի անգամ իջել է 80 հազար դոլարից ցածր։ Հոկտեմբերին Bitcoin-ի սփոթ բորսայական ներդրումային ֆոնդերից (ETF) արտահոսել է 516 մլն դոլար, իսկ Ether-ի ֆոնդերից՝ 1.6 մլրդ դոլար։
Զգուշավորություն են դրսևորել նաև կրիպտոակտիվների խոշոր կորպորատիվ սեփականատերերը։ Bitcoin-ի կանոնավոր գնումներով հայտնի Strategy ընկերությունն ամսվա ընթացքում ձեռք է բերել ընդամենը 851 BTC, որից հետո դադարեցրել է գնումները։
Հատկանշական է, որ հոկտեմբերը պատմականորեն համարվել է կրիպտոակտիվների շուկայի համար առավել բարենպաստ ամիսներից մեկը։ 2021–2024 թվականներին շուկայի ընդհանուր կապիտալիզացիան յուրաքանչյուր հոկտեմբերին աճել է՝ 2.8%-ից մինչև 42.9%։
Սակայն 2025 թվականի հոկտեմբերին շուկան նվազել է 6.1%-ով, իսկ 2026 թվականին՝ 9.1%-ով։ Սա արդեն երկրորդ անընդմեջ հոկտեմբերն է, որն ավարտվել է բացասական արդյունքով՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ սեզոնային օրինաչափությունները չեն գործում ընդհանուր շուկայական իրավիճակից անկախ։

Կրիպտոակտիվների շուկայի ընդհանուր կապիտալիզացիայի ամսական փոփոխությունը, %։ Աղբյուր՝ CoinGecko, Binance Research, տվյալները՝ 2026 թվականի նոյեմբերի 2-ի դրությամբ։
Խոշորագույն կրիպտոակտիվները․ գրեթե բոլորը՝ անկման մեջ
Գների անկումն ընդգրկել է շուկայի գրեթե ամբողջ խոշորագույն հատվածը։ ETF-ներից կապիտալի արտահոսքը և վաճառքների ընդհանուր ալիքը գերակշռել են ինստիտուցիոնալ հետաքրքրության հետ կապված առանձին դրական նորություններին։
Շուկայական կապիտալիզացիայով տասը խոշորագույն ակտիվներից միակը, որի գինը ամսվա ընթացքում բարձրացել է, Monero-ն (XMR) է՝ 10.6%-ով։ Binance Research-ի գնահատմամբ՝ աճը պայմանավորված է եղել Zcash-ից (ZEC) դեպի Monero կապիտալի տեղափոխմամբ։
Hyperliquid-ի (HYPE) գինը նվազել է ընդամենը 1.1%-ով։ Դրան աջակցել է ICE-ի հայտարարությունը՝ trade(xyz)-ի հետ համատեղ Hyperliquid-ի կարգավորվող անժամկետ ֆյուչերսները ԱՄՆ շուկա դուրս բերելու ծրագրերի վերաբերյալ։ Սակայն այդ նորությամբ պայմանավորված գնաճը կարճատև է եղել։
Bitcoin-ի գինը նվազել է 7.8%-ով՝ սփոթ ETF-ներից շարունակվող արտահոսքերի պայմաններում։ BNB-ն կորցրել է 8.1% և իջել 700 դոլարից ցածր՝ չնայած BNB Standard Corporation-ի՝ Nasdaq բորսայում ցուցակմանը։ Սեպտեմբերյան զգալի աճից հետո Zcash-ի գինը նվազել է 11.4%-ով։
Խոշոր ակտիվների շարքում ամենազգալի անկումներից մեկը գրանցել է Ether-ը (ETH)՝ 16.2%։ Դրա հետ կապված սփոթ ETF-ներում արձանագրվել է 2026 թվականի սկզբից ի վեր ամենամեծ ամսական կապիտալի արտահոսքը։ Ավելի խոր անկում են գրանցել XRP-ն (−16.7%), Solana-ն (−19.6%) և Dogecoin-ը (−20.7%)։

Շուկայական կապիտալիզացիայով տասը խոշորագույն կրիպտոակտիվների գների փոփոխությունը 2026 թվականի հոկտեմբերին, %։ Աղբյուր՝ CoinGecko, Binance Research, տվյալները՝ 2026 թվականի նոյեմբերի 2-ի դրությամբ։
Ի՞նչն է որոշելու շուկայի ուղղությունը նոյեմբերին
Առաջիկա շաբաթներին շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն երկու հիմնական թեմաներ՝ ԱՄՆ մակրոտնտեսական ցուցանիշները և միջանկյալ ընտրություններից հետո կարգավորող օրակարգը։
Նոյեմբերին հրապարակվող վիճակագրությունը պետք է կամ հաստատի, կամ թուլացնի դեկտեմբերին ԴՊՀ տոկոսադրույքի 0,25 տոկոսային կետով բարձրացման սպասումները։
Նոյեմբերի 6-ին հոկտեմբերի զբաղվածության տվյալների և նոյեմբերի 10-ին սպառողական գների ինդեքսի հրապարակումից հետո հաջորդ կարևոր ուղենիշները կլինեն նոյեմբերի 18-ին ԴՊՀ նիստի արձանագրության և նոյեմբերի 25-ին անձնական սպառման ծախսերի գների ինդեքսի (PCE) հրապարակումները։
Առանձին կարևոր գործոն է ԱՄՆ տասնամյա գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը, որը պահպանվում է մոտ 5% մակարդակում՝ շուրջ երկու տասնամյակի առավելագույն ցուցանիշներին մոտ։ Այս պայմաններում կարգավորողի ցանկացած անսպասելի կոշտ ազդակ կարող է շարունակել ճնշում գործադրել կրիպտոակտիվների շուկայի վրա։
Կարգավորման ոլորտում առանցքային հարցը կապված է նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրությունների արդյունքների հետ․ արդյոք Սենատի գործող կազմը կհասցնի առաջ մղել CLARITY Act օրինագիծը մինչև նոր Կոնգրեսի աշխատանքի մեկնարկը։Դրա համար ժամանակը սահմանափակ է, և եթե օրենքը չընդունվի, դրա հետագա ճակատագիրը կմնա անորոշ։
Միաժամանակ SEC-ը ուսումնասիրում է կրիպտոակտիվների վերաբերյալ իր առաջարկած կանոնների շուրջ ստացված մեկնաբանությունները, իսկ կարգավորող մարմինները պատրաստում են GENIUS Act-ի կիրարկման ենթաօրենսդրական ակտերը։
Նոյեմբերի 3` ԱՄՆ միջանկյալ ընտրություններ
Նոյեմբերի 3–6` Devcon 8 համաժողով, Մումբայ
Նոյեմբերի 6 ` ԱՄՆ-ում հոկտեմբերի զբաղվածության տվյալների հրապարակում
Նոյեմբերի 10 ` ԱՄՆ-ում հոկտեմբերի սպառողական գների ինդեքսի (CPI) հրապարակում
Նոյեմբերի 13 ` ԱՄՆ-ում հոկտեմբերի արտադրողների գների ինդեքսի (PPI) հրապարակում
Նոյեմբերի 18 ` Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստի արձանագրության և Nvidia-ի ֆինանսական հաշվետվության հրապարակում
Նոյեմբերի 25 ` ԱՄՆ երրորդ եռամսյակի ՀՆԱ-ի երկրորդ գնահատականի և հոկտեմբերի անձնական սպառման ծախսերի գների ինդեքսի (PCE) հրապարակում
Նոյեմբերի 28–29 ` Binance Blockchain Week համաժողով, Բանգկոկ
2026 թվականի նոյեմբերի առանցքային իրադարձությունները։ Աղբյուր՝ Cryptoevents, Binance Research։
Ի՞նչ են ցույց տալիս հոկտեմբերի արդյունքները
Հոկտեմբերի արդյունքները ցույց են տալիս, որ կրիպտոակտիվների շուկան ավելի ու ավելի ուժեղ է արձագանքում այն նույն գործոններին, որոնք ազդում են ավանդական ֆինանսական շուկաների վրա։
Գնաճը, ԴՊՀ տոկոսադրույքի վերաբերյալ սպասումները, պետական պարտատոմսերի եկամտաբերությունը և տեխնոլոգիական հատվածում ներդրողների տրամադրություններն այս ամսվա ընթացքում ավելի մեծ ազդեցություն են ունեցել շուկայի վրա, քան բուն կրիպտոարդյունաբերության նորությունները։
Միևնույն ժամանակ, կարգավորող ենթակառուցվածքը շարունակում է զարգանալ։ Նույնիսկ շուկայի կառուցվածքը սահմանող առանցքային օրենքի բացակայության պայմաններում կարգավորող մարմինները քայլ առ քայլ կանոններ են մշակում ստեյբլքոյնների և ոլորտի այլ հատվածների համար։
Երկարաժամկետ հեռանկարում հենց կարգավորող պահանջների կանխատեսելիությունը կարող է դառնալ ինստիտուցիոնալ ներդրողների մասնակցությունը պայմանավորող գործոններից մեկը։
Կարճաժամկետ հեռանկարում շուկայի հիմնական ուղենիշները շարունակում են մնալ մակրոտնտեսական տվյալները և դրամավարկային իշխանությունների որոշումները։ Հետևաբար, նոյեմբերյան վիճակագրությունն ու դեկտեմբերյան նիստից առաջ ԴՊՀ ազդակները, հավանաբար, շուկայի համար կունենան ոչ պակաս նշանակություն, քան ոլորտի ներքին զարգացումները։
Binance Research-ի ամբողջական վերլուծությունն անդրադառնում է նաև արհեստական բանականության ոլորտում կապիտալ ծախսերի և գործառնական դրամական հոսքերի հարաբերակցությանը, աշխարհում դրամավարկային քաղաքականության խստացման տեմպերի դանդաղմանը և կրիպտոհատվածում արհեստական բանականության մոդելների գործարկման (inference) պահանջարկի աճին։
Աղբյուր՝ Binance Research։
Նյութը տեղեկատվական բնույթ ունի և չի հանդիսանում ներդրումային խորհրդատվություն։ Կրիպտոակտիվներով գործառնությունները կապված են գների բարձր տատանողականության և միջոցների կորստի ռիսկի հետ։
