Ռոբերտ Փաթինսոնը դարձել է Ջեյմս Բոնդի յոթերորդ դերակատարը, և նրան նոր Aston Martin է անհրաժեշտ
Amazon Studios-ը պաշտոնապես հաստատել է, որ 007 գործակալի յոթերորդ դերակատարը կլինի Ռոբերտ Փաթինսոնը, որը կփոխարինի Դենիել Քրեյգին։ Ֆրանշիզայի նոր դեմքի հետ մեկտեղ կփոխվի նաև նրա ավտոմեքենան․ Ջեյմս Բոնդի համար այժմ անհրաժեշտ է նոր Aston Martin ընտրել։
Հրապարակված թիզերում Փաթինսոնը նայում է ուղիղ տեսախցիկին՝ ձեռքին պահելով ատրճանակ։ Տեսանյութն ուղեկցվում է «Ինքնությունը հաստատված է» գրությամբ։ Վերջում հայտնվում է ֆրանշիզայի խորհրդանշական կարգախոսը՝ «Ջեյմս Բոնդը կվերադառնա»։
Երկրպագուների համար սա կարևոր իրադարձություն է․ ֆրանշիզան դադարից հետո նոր փուլ է մտնում 2021 թվականին Դենիել Քրեյգի հեռանալուց և «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի թողարկումից հետո։ Այդ ժամանակից ի վեր շարունակվում էին ենթադրությունները, թե ով կզբաղեցնի 007 գործակալի տեղը։ 2026 թվականին Փաթինսոնն արդեն հասցրել է ուշադրության արժանանալ․ քննադատները բարձր են գնահատել նրա խաղը «Փրայմ-թայմ» ֆիլմում, որտեղ նա մարմնավորել է հեռուստահաղորդավար Քրիս Հանսենին։
Նոր Բոնդի ավտոմեքենայի հարցը դեռ բաց է։ 007 գործակալի կերպարն ավանդաբար կապված է Aston Martin մակնիշի մեքենաների հետ, և յուրաքանչյուր դերակատարի համար ավտոմեքենան ընտրվել է՝ համապատասխանեցնելով տվյալ ժամանակաշրջանի էկրանային կերպարին։ Թե կոնկրետ որ Aston Martin-ը կտրամադրվի Փաթինսոնին, դեռ չի հայտարարվել։ Սակայն ֆրանշիզայի պատմության ընթացքում այս ապրանքանիշը նույնքան անբաժանելի է եղել Բոնդի կերպարից, որքան ինքը՝ գործակալը։
Բոնդի վերադարձը վստահվել է «Դյունա», «Սայրի վրայով վազողը 2049» և «Ժամանում» ֆիլմերի ռեժիսոր Դենի Վիլնյովին։ Սցենարը գրում է «Սուր գագաթներ» հեռուստասերիալի հեղինակ Սթիվեն Նայթը, իսկ արտադրությունը վերահսկում են պրոդյուսերներ Էմի Պասկալը և Դեյվիդ Հեյմանը։
Առաջիկա ֆիլմը Բոնդի մասին պաշտոնական ֆիլմաշարի 26-րդ մասն է լինելու և առաջինը, որն ամբողջությամբ կգտնվի Amazon MGM Studios-ի ստեղծագործական վերահսկողության ներքո։ Ֆրանշիզայի երկարամյա ղեկավարներ Բարբարա Բրոկոլիի և Մայքլ Ուիլսոնի հետ Amazon-ը համաձայնագիր է կնքել 2025 թվականին՝ ստանալով ավելի մեծ վերահսկողություն կերպարի և ֆիլմաշարի ապագայի նկատմամբ։
Ֆիլմի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ։ Սակայն արդեն պարզ է, որ 007 նոր գործակալի հետ էկրան կվերադառնա նաև բրիտանական խորհրդանշական ավտոմոբիլային ապրանքանիշը։ Միակ հարցն այն է, թե Aston Martin-ի որ մոդելը կներկայացնի նրան։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

