Գերմանիայում վառելիքի գների ժամանակավոր առավելագույն շեմ կսահմանվի
Գերմանիայում իշխող կոալիցիան համաձայնության է եկել 2027 թվականի հունվարի 1-ից ավտոմոբիլային վառելիքի գների ժամանակավոր առավելագույն շեմ սահմանելու շուրջ։ Այս մասին գրում է DPA գործակալությունը՝ հղում անելով կոալիցիոն հանձնաժողովի նիստի արդյունքներով խորհրդարանական խմբակցություններին ուղարկված հաղորդագրությանը։
Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կառավարությունը համապատասխան օրինագիծն ու դրան ուղեկցող որոշումը պետք է հաստատի դեկտեմբերի 2-ին։ Ակնկալվում է, որ կարգավորման մեխանիզմը կգործի երեք ամիս։ Իշխանություններն ընդգծել են, որ դրա կիրառման ընթացքում էներգակիրների մատակարարման անվտանգությունը պետք է լիարժեք երաշխավորվի։ Ապագա գնային առավելագույն շեմի կոնկրետ պարամետրերը դեռ չեն հրապարակվում։
Նոր միջոցառումը կփոխարինի, այսպես կոչված, վառելիքի զեղչին, որը երկրում գործում է հոկտեմբերի սկզբից և կավարտվի դեկտեմբերի վերջին։ Այս սուբսիդավորմամբ Բեռլինը փորձում է մեղմել բենզալցակայաններում գների աճը, որը պայմանավորված է Իրանի շուրջ շարունակվող հակամարտությամբ։
Դեռևս սեպտեմբերի կեսերին կոալիցիայի առաջնորդները համաձայնության էին եկել բենզինի և դիզելային վառելիքի առավելագույն գներ սահմանելու շուրջ՝ Լյուքսեմբուրգի կամ Բելգիայի օրինակով, ոչ ուշ, քան 2027 թվականի սկիզբը։
Կոալիցիայում պարզաբանել են, որ այդ քայլը բացառապես հակաճգնաժամային բնույթ ունի և ուղղված է գների անհիմն բարձրացումները կանխելուն։
