Anthropic-ը IPO-ի շրջանակում մեկ բաժնետոմսի գինը սահմանել է 83 դոլար
Ամերիկյան Anthropic ընկերությունը նախնական հրապարակային առաջարկի (IPO) շրջանակում մեկ բաժնետոմսի գինը սահմանել է 83 դոլար։ Սա գերազանցում է ավելի վաղ հայտարարված՝ մեկ բաժնետոմսի դիմաց 70-78 դոլար գնային միջակայքը։
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ տեղաբաշխումը ներառում է A դասի 980 մլն սովորական բաժնետոմս, որից 956.35 մլն-ը վաճառում է հենց Anthropic-ը, իսկ մնացած 23.65 մլն-ը՝ ընկերության գործող բաժնետերերը։ Ընկերությունը նրանց կողմից բաժնետոմսերի վաճառքից որևէ միջոց չի ստանա։
ANT բորսայական նշանով բաժնետոմսերի առևտուրը Nasdaq Global Select Market հարթակում նախատեսվում է սկսել նոյեմբերի 19-ին։ Գործարքի ավարտը նախատեսված է նոյեմբերի 20-ին։
Bloomberg-ի գնահատմամբ՝ տեղաբաշխման ընդհանուր ծավալը, առանց տեղաբաշխման կազմակերպիչների (անդերրայթերների) լրացուցիչ բաժնետոմսեր ձեռք բերելու օպցիոնի հաշվառման, կազմում է շուրջ 81.3 մլրդ դոլար։ Սա այն դարձնում է համաշխարհային IPO շուկայի պատմության մեջ ամենախոշոր գործարքը։
2021 թվականին OpenAI-ի նախկին աշխատակիցների կողմից հիմնադրված Anthropic-ը Claude գեներատիվ արհեստական բանականության մոդելների ընտանիքի մշակողն է։ Ընկերության ռազմավարական ներդրողների թվում են Amazon-ը և Alphabet-ը, իսկ Anthropic-ը համարվում է գեներատիվ արհեստական բանականության շուկայում OpenAI-ի հիմնական մրցակիցներից մեկը։
2026 թվականի առաջին կիսամյակում ընկերության հասույթն աճել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.16 մլրդ դոլարից հասնելով 16.29 մլրդ դոլարի։ Միևնույն ժամանակ, ընկերությունը գրանցել է 80.7 մլրդ դոլարի զուտ վնաս։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

