Նավթի համաշխարհային պահանջարկը կարող է նվազել՝ առաջին անգամ 2020 թվականից ի վեր
Նավթի համաշխարհային պահանջարկը կարող է կրճատվել օրական շուրջ 2.7 մլն բարելով։ Սա կլինի պահանջարկի առաջին տարեկան անկումը 2020 թվականից ի վեր, նշվում է Միջազգային էներգետիկ գործակալության World Energy Outlook զեկույցում։
Գործակալության գնահատմամբ՝ Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով նավթի մատակարարումների խափանումները հանգեցրել են համաշխարհային առաջարկի կտրուկ նվազման։ Ճգնաժամի գագաթնակետին մատակարարումները կրճատվել են օրական 16 մլն բարելով։
ՄԷԳ-ը նախկինում արդեն նվազեցրել էր նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը՝ ակնկալելով օրական 2.68 մլն բարելի անկում՝ մինչև 102.29 մլն բարել։
Նավթի համաշխարհային շուկան միաժամանակ բախվում է աշխարհաքաղաքական ցնցումների և պահանջարկի կառուցվածքային փոփոխությունների։ Պահանջարկի աճի դանդաղման հիմնական գործոններից մեկը Չինաստանն է, որը երկար ժամանակ ապահովել է նավթի համաշխարհային սպառման աճի զգալի մասը։
Էլեկտրամոբիլների տարածումը, երկաթուղային տրանսպորտի զարգացումը և էներգաարդյունավետության բարձրացումը աստիճանաբար նվազեցնում են Չինաստանի կախվածությունը ավանդական վառելիքից։
Միաժամանակ էլեկտրամոբիլների համաշխարհային վաճառքը գերազանցել է 20 մլն միավորը, ինչը երկարաժամկետ ճնշում է գործադրում բենզինի և դիզելային վառելիքի պահանջարկի վրա։
Այնուամենայնիվ, նավթաքիմիական արդյունաբերությունը, ավիացիան և բեռնափոխադրումները շարունակում են աջակցել նավթի ու նավթամթերքների սպառմանը։
