2013թ.-ի արդյունքներով լավագույնն են ճանաչվել Ավան և Դավթաշեն վարչական շրջանները
Ամփոփվել են Երևան քաղաքի վարչական շրջանների 2013թ. ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Ավան և Դավթաշեն վարչական շրջանները: Երկրորդ տեղը զբաղեցրել է Արաբկիր, իսկ երրորդը՝ Էրեբունի վարչական շրջանը: 2013թ. ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշը գրանցել է Կենտրոն վարչական շրջանը:
Անդրադառնալով գնահատման և վերլուծության արդյունքներով բարձր ցուցանիշներ արձանագրած վարչական շրջանների կատարած աշխատանքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գոհունակություն հայտնելով հետևողական աշխատանքի համար, այդուամենայնիվ հորդորել է չբավարարվել ձեռքբերածով՝ հատկապես հաշվի առնելով, որ անելիքներ դեռ շատ կան, և պետք է առավել հետևողական աշխատանք տանել ցուցանիշներն էլ ավելի բարելավելու ուղղությամբ: Իսկ ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է լինել առավել հետևողական ու կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումները: