Բանկերում ժամկետանց վարկերը կազմում են 27,8 մլրդ դրամ
Ընթացիկ տարվա մայիս ամսվա վերջի դրությամբ հայաստանյան բանկերում ժամկետանց վարկերը կազմել են 27,8 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 1.5%-ը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ժամկետանց դասակարգված վարկերի կառուցվածքում գերակշռել են կարճաժամկետ վարկերը:
Միևնույն ժամանակ, հաշվետու ամսվա վերջի դրությամբ երկարաձգված վարկերը կազմել են հայաստանյան բանկերի վարկերի համախառն ծավալի 5.62%-ը կամ 104,0 մլրդ ՀՀ դրամ: Երկարաձգված դասակարգված վարկերի կառուցվածքում ևս գերակշռել են կարճաժամկետ վարկերը:
Նշենք նաև, որ մայիս ամսվա վերջի դրությամբ բանկերում վարկերի համախառն ծավալը կազմել է 1852,6 մլրդ ՀՀ դրամ:
Համեմատության համար նշենք, որ 2013 թվականի դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ հայաստանյան բանկերում ժամկետանց վարկերը կազմել էին 21,3 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 1.20%-ը, իսկ երկարաձգված վարկերը՝ համապատասխանաբար 96,52 մլրդ ՀՀ դրամ և 5.43%: