Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Կենտրոնական բանկ. արձանագրություն 2014 թ. հունիսի 24-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ
04/07/2014 14:57
Կիսվել

Կենտրոնական բանկ. արձանագրություն 2014 թ. հունիսի 24-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում 2014 թ. հունիսի 24-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը սկսվեց հունիսի 24-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

2014 թ. մայիսին արձանագրվել է 0.8% գնանկում, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել է 3.6%: Մայիսին գների անկումը պայմանավորվել է առավելապես պարենային ապրանքների գների նվազմամբ՝ 1.4% (նպաստումը գնանկմանը՝ 0.75 տոկոսային կետ), որը տեղի է ունեցել հիմնականում «Բանջարեղեն և կարտոֆիլ» և «Ձու» ապրանքախմբերի գների՝ համապատասխանաբար 12.5% և 4.8%-ով նվազման հետևանքով: Ամսվա ընթացքում 0.2%-ով նվազել են նաև ծառայությունների սակագները՝ նպաստելով գնաճին 0.05 տոկոսային կետով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.3%-ով՝ մեղմելով գնանկումը 0.04 տոկոսային կետով: Մայիսի արդյունքներով բնականոն գնաճը կազմել է 0.01%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը՝ 1.1%:

2014 թ. անցած 5 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունը գտնվել է սպասվածի շրջանակներում և երկրորդ եռամսյակի վերջին տնտեսական աճի ցուցանիշը գնահատվում է տ/տ 4%: Վերջինիս հիմնականում նպաստել են գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերի ավելացված արժեքի աճերը:   Մասնավոր սպառման աճի տեմպերը ևս ծրագրվածի սահմաններում են և հունվար-հունիս ժամանակահատվածում գնահատվում է տ/տ 4.3%, այն դեպքում, երբ մասնավոր ներդրումները շարունակում են սպասվածից ավելի դանդաղ տեմպերով վերականգնվել և հունվար-հունիսի գնահատումը կլինի տ/տ -2.2%՝ ծրագրված 0.1% աճի դիմաց: Հաշվի առնելով 2014-ի հատկապես երկրորդ կեսին իրականացվելիք ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ներքին պահանջարկի վրա՝ ակնկալվում է տնտեսական աճի տեմպերի որոշ չափով արագացում:

2014 թ. հունվար-մայիսի արդյունքներով արտահանումը (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 3.2%-ով, իսկ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության` ՍԻՖ)՝ 2%-ով: Բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է տ/տ 4.1%-ով:

Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները, որոնցում, ի արձագանք ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման, մայիս-հունիսին շարունակվել են տոկոսադրույքների նվազման միտումները: Այսպես, միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը հունիսի 18-ի դրությամբ կազմել է 7.4%՝ նախորդ ամսվա նկատմամբ նվազելով 0.4 տոկոսային կետով, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատxմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 7.79% (նվազումը՝ 0.2 տոկոսային կետ), բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 6.68% (նվազումը՝ 0.8 տոկոսային կետ):

ՀՀ արտարժույթի շուկայում տարեսկզբից ՀՀ դրամի դիտված արժեզրկումը հունիսին փոխվել է արժևորման. հունիսի 18-ի դրությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին փոխարժեքը՝ մայիսի 13-ի դրությամբ միջին ցուցանիշի նկատմամբ արժևորվել է 0.67%-ով` կազմելով 410.6 դրամ, եվրոյի նկատմամբ՝ 2.1%-ով՝ կազմելով 556.6 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ՝ արժեզրկվել 0,1%-ով` կազմելով 11.9 դրամ:

2014 թ. առաջին կիսամյակում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը և անորոշությունները՝ կապված աշխարհաքաղաքական զարգացումների հետ: Վերջինս անդրադարձել է միջազգային պարենային շուկայի միտումների վրա աճի ուղղությամբ: Այդուհանդերձ, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ. հունիսի 5-ին հրապարակված պարենի գների ինդեքսը մայիսին` նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 1.2%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 2.5%-ով)՝ պայմանավորված հիմնականում մեծ տեսակարար կշիռ կազմող «Կաթնամթերք» ապրանքախմբի գների նվազմամբ:

ԿԲ cնահատումների համաձայն երկրորդ եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գինը նախորդ եռամսյակի նկատմամբ կաճի 0.8%-ով (տ/տ 5,6% աճ), իսկ արդյունաբերական մետաղներից Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կնվազի եռ/եռ 3,5%-ով (տ/տ 6% նվազում): ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը կաճի եռ/եռ 9.8%-ով (տ/տ 4.2% աճ) և «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գինը կաճի եռ/եռ 4.8%-ով (տ/տ 0.5% նվազում):

2014 թ. երկրորդ եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.22%-ով, իսկ տ/տ արժևորումը կազմել է 4.6%:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

Խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում պահպանվում են անորոշությունները՝ կապված համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ, այդուհանդերձ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ դեռևս չեն ակնկալվում:

Խորհուրդը գնահատում է, որ 2014 թ. առաջին կեսի արդյունքներով տնտեսական աճը գտնվում է ակնկալվածի շրջանակներում: Ընդ որում, արդյունաբերության ճյուղի համեմատաբար պասիվությունն ու շինարարության ճյուղի վերականգնման ցածր տեմպերը փոխհատուցվել են գյուղատնտեսության և ծառայությունների՝ սպասվածից ավելի բարձր աճով: 2014 թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը և մինչ օրս ԿԲ կողմից դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը կարճաժամկետում կհանգեցնեն համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը: Միևնույն ժամանակ, օգոստոսից սպասվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ մի շարք ապրանքատեսակների գծով դրոշմապիտակների ներդրում: Նշված գործոնների ազդեցության արդյունքում 12-ամսյա գնաճը չորրորդ եռամսյակում կավելանա՝ տարեվերջին, այնուամենայնիվ, գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում: Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման միջոցով:

ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներին ԿԲ-ն կարձագանքի դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտմամբ՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում:

2014 թ. հունիսի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 7%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 8.5% և 5.5%:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01