
Մեր երկրի պետական պարտքը կազմում է շուրջ 4,5 մլրդ դոլար
Ընթացիկ տարվա օգոստոս ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն պետական պարտքը կազմել է 4 մլրդ 493 մլն 557 հազար ԱՄՆ դոլար, որից 3 մլրդ 795 մլն 150 հազար ԱՄՆ դոլարը՝ արտաքին պարտքը, 698 մլն 408 հազար ԱՄՆ դոլարը՝ ներքին պարտքը: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ տարեսկզբի համեմատ մեր երկրի պետական պարտքը նվազել է շուրջ 94 մլն ԱՄՆ դոլարով՝ շնորհիվ արտաքին պետական պարտքի նվազման:
Հաշվետու ամսվա վերջի դրությամբ պետական պարտքի կեսից ավելին կազմել են բազմակողմային վարկային ծրագրերը (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, Եվրամիություն:
Նշենք նաև, որ 2013 թվականի վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել էր 4 մլրդ 588 մլն 467 հազար ԱՄՆ դոլար: