Հարկային մարմինները չեն ստուգի ցածր ռիսկայինությամբ ՓՄՁ-ները
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ստորագրել է հրաման՝ հանձնարարելով վերադաս հարկային մարմնի ստուգման իրավասություններ ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և հարկային (տարածքային) տեսչությունների պետերին՝ վերապահված իրավասությունների շրջանակում վերահսկողություն իրականացնել բացառապես ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի տվյալներով բարձր ռիսկային համարվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ ձեռնպահ մնալով ցածր ռիսկային համարվող ՓՄՁ-ների մոտ որևէ անհարկի հսկողական գործողությունից: Նախարարը հանձնարարել է նաև ՓՄՁ-ների մոտ ծագած խնդիրներով առավելագույնս համագործակցել նրանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ՝ անմիջապես արձագանքելով և համապատասխան ընթացք տալով ներկայացված բողոքներին: