
Samsung-ի ղեկավարությունում հնարավոր է մասշտաբային վերադասավորումներ լինեն
Samsung ընկերությունը քննարկում է ղեկավար կազմում մասշտաբային վերադասավորումներ կատարելու հարցը: Այս մասին տեղեկանում ենք The Wall Street Journal-ից:
Ըստ որոշ աղբյուրների` սցենարներից մեկով` Ջեյ Քեյ Շինը կլքի ընկերության բջջային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հնարավոր է` նաև հեռանա համագործադիր տնօրենի պաշտոնից: Այդ դեպքում բջջային բիզնեսի պատասխանատվությունը կվերապահվի սպառողական էլեկտրոնիկայի ստորաբաժանման ղեկավար և ևս մեկ համագործադիր տնօրեն Բի Քեյ Յունին:
Ինչպես նկատում է ամերիկյան թերթը, Յունի լիազորությունների ընդլայնումը Samsung-ին հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ արձագանքել հատկապես սմարթֆոնների չինական արտադրողների կողմից աճող մրցակցությանը:
Samsung-ի մամլո քարտուղարը հրաժարվել է մեկնաբանություններից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարավկորեական ընկերությունը բաժնետերերի ճշման ներքո հրաժարվել է ստորաբաժանումների միաձուլման գաղափարից: