Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՍԴՀԿ ներկայացուցիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանին, փոխատենապետ, Լիբանանի խորհրդարանի անդամ Սեպուհ Գալփակյանին և ՍԴՀԿ վարչության անդամ Գևորգ Պերկուպերկյանին:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է ավանդական այս կուսակցության դերը համազգային նշանակություն ունեցող գործընթացներում և կառավարության անունից համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել:
ՍԴՀԿ ներկայացուցիչները ողջունել են ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացումը և վերահաստատել կուսակցության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել իշխանություններին հայ ժողովրդի և պետության առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության՝ գործարար միջավայրի բարելավման և տնտեսության մեջ ներդրումների ներգրավման ուղղությամբ կատարվող բարեփոխումների, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Արծարծվել են նաև ՍԴՀԿ-ի հետ երկխոսությանը և համագործակցությանը վերաբերող հարցեր: