Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանրությանը ներկայացնել տարեկան հաշվետվությունները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ 2014 թվականին հասարակական կազմակերպությունների հետ մայրաքաղաքում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների լուծմանն ուղղված մի շարք ծրագրեր: Մասնավորապես առանձնացվել է այգիները հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար հարմարավետ հանգստի գոտի դարձնելու նպատակով Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում, նաև Երևանի կենդանաբանական այգում ճոճանակների տեղադրումը: Զեկուցվել է նաև, որ առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց աշխատատեղերի ստեղծման գործընթացին աջակցելու նպատակով «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը անվարձահատույց տարածք է տրամադրվել՝ ուսումնաարտադրական ձեռնարկություն հիմնադրելու համար: Նշվել է նաև, որ «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագրով երևանաբնակ 17 միայնակ մայրերի՝ մանկական ուղեղային կաթվածով երեխաներ հնարավորություն են ստացել անվճար վերականգնողական բուժում ստանալ: Անցկացվել են նաև մարզական մի շարք միջոցառումներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողության տակ պահելով ընթացիկ ծրագրերը:
Անդրադառնալով մայրաքաղաքի կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների հիմնանորոգման ծրագրի ընթացքին՝ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ 57 օբյեկտների մեծ մասում աշխատանքներն ավարտված են: Թվով երկու մանկապարտեզներում դեռևս ընթանում են շինարարարական աշխատանքներ, որոնք կավարտվեն մինչև տարեվերջ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանրակրթության վարչության պետին հանձնարարել է մասնավորապես Կենտրոն վարչական շրջանի թիվ 1 մանկապարտեզում շինարարական աշխատանքներն ավարտելուն պես նախաձեռնել խմբերի ձևավորման գործընթացը:
«Թիվ 1 մանկապարտեզում աշխատանքներն ավարտելուց հետո հնարավորին սեղմ ժամկետում, մեր համաքաղաքացիներին տրված մեր խոստման համաձայն, ձևավորեք և բացեք նոր խմբեր», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերը հայտնաբերելու և կանխարգելելու ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 142 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է հետևողականորեն շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողություն սահմանելով չնախատեսված տեղերում աղբը թափողներին հայտնաբերելու և երևույթն առհասարակ բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է նաև իրականացվող աշխատանքների վերաբերյալ մանրամասն իրազեկել հանրությանը:
«Երբ մեր համաքաղաքացիները պահանջում են մաքուր Երևան, առաջինը հենց իրենք, լինելով քաղաքի տերը, պետք է գիտակցեն մայրաքաղաքը մաքուր պահելու պատասխանատվությունը: Ամենօրյա խիստ հսկողություն սահմանեք այս ուղղությամբ և, անկախ նրանից, անհատ քաղաքացի է, կազմակերպություն, թե աշխատանքներում թերացող սանմաքրման ձեռնարկություն, օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկեք: Վստահ եմ, որ միասնական ուժերով կարճ ժամանակահատվածում այս հարցին լուծում կտանք, նաև՝ յուրօրինակ մշակույթ կձևավորենք: Այնքան ժամանակ պետք է շարունակենք մեր աշխատանքը, մինչև երևույթն իսպառ վերանա»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերում 2014 թվականի ծրագրերով նախատեսված ձմռան նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են: Մասնավորապես նշվել է, որ 1560 շենքերում կատարվել են թեք և հարթ տանիքների վերանորոգման աշխատանքներ, ընդ որում, 37 շենքում՝ հիմնանորոգում: Կատարվել են նաև շենքերի մուտքերի դռների և պատուհանների ապակեպատման, ջրամատակարարման ու ջրահեռացման, խողովակների ջերմամեկուսացման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ ավարտվել է շենքերի մուտքերի վերանորոգման ծրագիրը: Ընդ որում, տարեկան ծրագրով նախատեսված 727 մուտքի փոխարեն վերանորոգվել ու բնակիչներին է հանձնվել 812 մուտք:
Աշխատանքային խմբի միջոցով մշտական վերահսկողություն է սահմանված մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում դեռատիզացիոն աշխատանքների նկատմամբ: Այս մասով զեկուցվել է, որ ծրագրայինից զատ, ըստ անհրաժեշտության, կատարվում են նաև լրացուցիչ աշխատանքներ:
Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 21 վարչական արձանագրություն: Հաշվի առնելով Ամանորին ընդառաջ բացօթյա առևտրի հնարավոր փորձերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շրջայցեր կազմակերպել վարչական շրջաններում և սահմանել ամենօրյա խիստ հսկողություն:
Մայրաքաղաքում իրականացվող ծառերի սանիտարական էտի աշխատանքների հետ կապված՝ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ տարվա ընթացքում էտվել և ձևավորվել է 23 հազար ծառ: Զեկուցվել է նաև, որ աշխատանքները կշարունակվեն, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս իրականացնել դրանք:
Հաշվի առնելով, որ հիմնականում ավարտվել են տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ըստ համակարգման ոլորտների հանրությանը ներկայացնել կատարված աշխատանքների տարեկան հաշվետվությունները: