ԵՄ երկրները հաստատել են 315 մլրդ եվրոյի ներդրումային ծրագիրը
Եվրամիության երկրների առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովին հաստատել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի առաջադրած` 315 մլրդ եվրո ծավալով ներդրումային ծրագիրը, որը կոչված է խթանելու տարածաշրջանի մասնավոր հատվածը: «Ներդրումների խթանումը Եվրոպայում մեր հիմնական առաջադրանքն է», և ներդրումային ծրագիրը «կնպաստի տնտեսական աճին և աշխատաշուկայի վերականգնմանը Եվրոպայում», ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում:
2015-2017թթ. համար ներդրումային այս ծրագիրը Եվրահանձնաժողովի տնտեսական ռազմավարության հիմքն է: Ծրագրի վերաբերյալ բոլոր մանրամասները հայտնի կդառնան մյուս տարվանից ոչ շուտ: Ընդ որում` ԵՀ ղեկավարը հույս ունի ստանալ ԵՄ անդամ բոլոր` 28 երկրների աջակցությունը: Ի դեպ, եվրոգոտու երկրներից յուրաքանչյուրը ԵՀ-ի հետ մանրամասնորեն կքննարկի ներդրումային ծրագրում իր ունեցած պարտավորությունները: