Մարոկոյում կկառուցվի Աֆրիկայի ամենաբարձր երկնաքերը
Այս տարվա հունիսին Մարոկոյում կմեկնարկեն 540 մետր բարձրությամբ երկնաքերի շինարարության աշխատանքները: Al Noor Tower-ը (արաբերենից թարգմանաբար նշանակում է «լույսի աշտարակ») կդառնա Աֆրիկա մայրցամաքի ամենաբարձր երկնաքերը: Ներկայում աշխարհամասի ամենաբարձր շինությունը համարվող Carlton Centre-ը, որն ունի 223 մետր բարձրություն, գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքում:
Կասաբլանկա քաղաքում կառուցվելիք երկնաքերի զբաղեցրած տարածքը կկազմի 335 հազար քառակուսի մետր. կլինեն 200 հյուրանոցային համարներ, սպա և բիզնես կենտրոն:
Նախագծի հեղինակը Սաուդյան Արաբիայի շեյխ, գործարար Թարեք բեն Լադենին պատկանող ընկերությունն է, որը տեղակայված է Դուբայում: Շինարարության արժեքը կկազմի մոտ մեկ միլիարդ դոլար: Երկնաքերի 114 հարկերը կխորհրդանշեն Ղուրանի սուրահների (գլուխ) թիվը, իսկ 540 մետր բարձրությունը` աֆրիկյան մայրցամաքում գտնվող 54 երկրները: