Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հունաստանի դեսպանի հետ
Փետրվարի 2-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ:
Դեսպան Տայիսն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի կապակցությամբ, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում և դատապարտում է 1914-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ իր գործընկերների հետ համատեղ նախաձեռնած նախագծի նպատակն է վերականգնել պատմական արդարությունը, միջազգայնորեն դատապարտել ցեղասպանությունը, պաշտպանել մարդու իրավունքները, ինչպես նաև պայքարել թուրքական ժխտողականության դեմ: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ նախագիծը մոտ ապագայում կյանքի կկոչվի:
Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը և Հունաստանի դեսպանը կարևորել են Հունաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացման անհրաժեշտությանը:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ Հունաստանում վերջերս անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո ևս կշարունակվի միջխորհրդարանական կապերի, մասնավորապես բարեկամության խմբերի ամրապնդումն ու հետագա զարգացումը: