Նյու Յորքի ձնաբքի պատճառով բիզնեսը կրել է հսկայական վնասներ
Չնայած այն բանին, որ այս տարի Նյու Յորքում ձնաբուքն այդքան էլ սաստիկ չի եղել, այնուամենայնիվ այն պատճառ է դարձել հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակմանը: Վերջինս Նյու Յորքի գործարարների վրա նստել է 200 մլն դոլար: Այս մասին հայտնում են Moody’s Analitics-ի փորձագետները:
Վերլուծաբանների գնահատականով հիմնական վնասը հասցրել է մետրոյի, ավտոբուսների և երկաթուղու խափանումը: Այդ պատճառով էլ Նյու Յորքի բնակիչները և տուրիստները քիչ են մասնակցել ամենօրյա տնտեսական գործընթացներին: Տներից բնակիչների դուրս չգալու պատճառով գրեթե դատարկ են եղել խանութները, ռեստորանները, սրճարանները, կինոթատրոնները և թանգարանները, ինչն էլ վնասել է բիզնեսին: Moody’s Analitics-ի ներկայացուցիչը հայտնել է, որ այս թիվը անհամեմատ փոքր է անցած տարվա վնասից, որը կազմել էր 50 մլրդ դոլլար:
Հիշեցնենք, որ հունվարին Ջունո ձնաբուքը կաթվածահար էր արել Նյու Յորքը և ԱՄՆ-ի հյուսիսարևելյան մի շարք այլ քաղաքներ:
Արտակարգ իրավիճակ էր հայտարարվել 6 նահանգներում՝ Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Կոնեկտիկուտում, Ռոդ Այլենդում, Մասաչուսեթսում, Նյու Հեմփշիրում: Այդ տարածքներում ապրում է մոտ 60 մլն մարդ: