Հայաստանի բանկերի խոշոր վարկատու երկրներն են Ռուսաստանը, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը
2014 թվականի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորություններն արտաքին աշխարհի նկատմամբ կազմել են 1412.8 մլն դոլար՝ երրորդ եռամսյակի վերջի դրությամբ գրանցված ցուցանիշի համեմատ աճելով շուրջ 255 մլն դոլարով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից՝ 2014 թվականի չորրորդ եռամսյակում առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները արտաքին աշխարհից ներգրավել են 1157.1 մլն դոլար վարկային միջոցներ, նախկինում ձեռք բերված վարկերի դիմաց կատարել են 847.1 մլն դոլար հիմնական գումարի մարումներ:
Եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 22.5%-ը երկարաժամկետ վարկերի գծով է, ընդ որում՝ երկարաժամկետ վարկային մուտքերի 33.6%-ը ստացվել է Նիդերլանդներից, 8.5%-ը՝ Մալթայից, 6.1%-ը՝ Լյուքսեմբուրգից, 4.2%-ը՝ Ղազախստանից, իսկ 32.9%-ը՝միջազգային կազմակերպություններից:
2014 թվականի չորրորդ եռամսյակի վերջին առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը ամբողջի մեջ կազմել է 17.2% (նախորդ եռամսյակում՝ 16.8 %), Նիդերլանդները՝ 12.5% (նախորդ եռամսյակում՝ 8.9%) և Լյուքսեմբուրգը՝12.1% (նախորդ եռամսյակում՝ 14.3%): Վարկերի մոտ 28.5%-ը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:
2014 թվականի չորրորդ եռամսյակի վերջին ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նախորդ եռամսյակի վերջի համեմատ մի փոքր աճել է և կազմել 6.3%: Արտաքին վարկերի մոտ 44.1 %-ը լողացող (LIBOR, EURIBOR և այլն) տոկոսադրույքով է: Վարկերի միջին ժամկետայնությունը 3.8 տարի է:
Կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռն աճել է և կազմել ներգրավված վարկերի 18.0%-ը: