
Հայաստանում պարզեցվում է բիզնես սկսելու ընթացակարգը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2015թ. միջոցառումների ծրագրին: Այն կնպաստի բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր և միջին ձեռնարկությունների աճի, արտաքին առևտրի արագ խթանմանը, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը և այլն: Այժմ Հայաստանը «Արդյունավետությունից դեպի արդյունք» վարկանիշային զեկույցի տվյալով 189 երկրների շարքում զբաղեցնում է 45-րդ տեղը:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի դրույթներն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում հավաստագրման գործընթացի պատշաճ իրականացման վերաբերյալ: