
ՀՀ ԱԺ անդամները և պատգամավորներն այցելել են «Մայր Հայաստան» հուշահամալիր
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությունը մարտի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր։ Նրանք ՀՀ Ազգային ժողովի և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի անունից ծաղկեպսակներ են դրել «Անհայտ զինվորի» շիրմին, ծաղիկներ խոնարհել հավերժական կրակի մոտ, լռությամբ հարգել 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։
Հանդիսավոր պայմաններում անմար կրակի մասնիկը տեղափոխվել է հատուկ պարկուճի մեջ։ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի որոշմամբ՝ ապրիլի 16-ին հետխորհրդային տարածքի երկրներում գտնվող «Անհայտ զինվորի» հիշատակը հավերժացնող անմար կրակի մասնիկները կտեղափոխվեն Սանկտ Պետերբուրգ, որտեղ դրանք կմիավորվեն՝ խորհրդանշելով ֆաշիզմի դեմ տարած միասնական հաղթանակը։
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր խոսքում կարևորել է այն մեծ դերն ու նշանակությունը, որ ունեցել է հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակելու գործում։