Կայացել է ԱԺ հերթական նիստը
Ապրիլի 28-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:
Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած եւ ԱԺ նիստերի ընթացքին հետեւող Արտաշատի ավագ դպրոցի աշակերտներին եւ մանկավարժներին:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:
Նախատեսվում է կարգավորել առողջապահության բնագավառում բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման խնդիրները
Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Արա Բաբլոյանի եւ Մկրտիչ Մինասյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Արա Բաբլոյանը նշել է, որ ներկայացված նախագծերի փաթեթի նպատակն է կարգավորել առողջապահության բնագավառում բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման առկա խնդիրները: Զեկուցողը տեղեկացրել է, որ փաթեթի մշակման ընթացքում հաշվի է առնվել միջազգային փորձը: Ըստ Արա Բաբլոյանի՝ եվրոպական երկրներում բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացումն ապահովվում է տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների համադրմամբ: «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է բուժաշխատողներին տալ ավելի լայն եւ բազմաբնույթ հնարավորություն՝ իրենց մասնագիտական զարգացումն արդի բժշկական օգնության եւ սպասարկման պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Առաջարկվում է նաեւ ստեղծել բուժաշխատողների շտեմարան, որում ներառվելու են բուժաշխատողների անհատական տվյալները: Նախատեսվում է նաեւ պատասխանատվության ենթարկել այն բժշկական հաստատությանը, որը կթույլատրի բուժաշխատողին մասնագիտական աշխատանքային պարտականություններն իրականացնել առանց շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի:
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացրել է Մկրտիչ Մինասյանը:
Հարակից զեկույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ներկայացնելով կառավարության դրական եզրակացությունը, նշել է, որ համակարգը փոփոխությունների կարիք ունի, եւ հարցը կառավարությունում տեւական քննարկումների փուլ է անցել:
ԱԺ պատգամավորներն իրենց տեսակետներն են հայտնել օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Հրանտ Բագրատյանը, կողմ լինելով առաջարկվող փոփոխությանը, առաջարկել է հեղինակներին խմբագրել օրինագծերի փաթեթը եւ բժիշկների գնահատման, լիցենզավորման ու կրեդիտավորման գործընթացում վճռական դեր հատկացնել սպառողին՝ հիվանդին: Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ կառավարությունն իր առաջիկա մոտեցումները պետք է առավել հստակեցնի: Նա անդրադարձել է ոլորտի ֆինանսավորման խնդիրներին:
Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի ապրիլի 29-ի նիստում:
Վերջին նիստի մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն՝ տրամադրվել է պատգամավորների հայտարարություններին: