Կառավարության նիստ. տրամադրվել է ազատ տնտեսական գոտու շահագործման թույլտվություն
ՀՀ կառավարությունը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) տարածքում «Ջի Դի Էմ Դայմոնդ» ՍՊԸ-ին 5 տարի գործողության ժամկետով տրամադրել է շահագործողի թույլտվություն: «Մերիդիան» ԱՏԳ-ն գործարկվել է ս.թ. մարտի 12-ին: Շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի խթանել արտահանման ծավալի աճը ոսկերչական, ակնագործական և ժամագործական միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել ոլորտի կայուն տնտեսական զարգացմանը, ինչպես նաև տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
Կառավարությունը փոփոխություն է կատարել 2015թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ինչը պայմանավորված է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև ս.թ. հունիսի 16-ին երկրաջերմային հետախուզական հորատման դրամաշնորհային ծրագրի համաձայնագրի ստորագրմամբ: Ըստ փաստաթղթի Հայաստանում հայտնի հավանական երկրաջերմային տեղանքներից մեկում՝ Կարկառում հետախուզական հորատման աշխատանք կատարելու համար տրամադրվելու է 8 մլն 550 հազար ԱՄՆ դոլար: