Կառավարությունը խթանում է վերականգնվող էներգետիկան
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հարկերի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին», «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» և «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքներում համապատասխան լրացումներ և (կամ) փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Փաթեթով առաջարկվում է ապահովել վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման փոխհոսքերը, իսկ կարգավորման դաշտից հանել վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող էլեկտրական էներգիա արտադրող այն ինքնավար էներգաարտադրողներին, որոնց տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի տեղակայված իրենց սպառիչների ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի քան 150 կիլովատտը: Օրենքների նախագծերի ընդունումն ուղղված է ՀՀ-ում էներգախնայողության իրականացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործման մեխանիզմների ապահովմանը` տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը և այլն: