Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Կենտրոնական բանկ. 2015 թ. սեպտեմբերի 22-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ
02/10/2015 16:05
Կիսվել

Կենտրոնական բանկ. 2015 թ. սեպտեմբերի 22-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

2015 թ-ի սեպտեմբերի 22-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը սկսվեց սեպտեմբերի 22-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

2015 թ. օգոստոսին արձանագրվել է շուրջ 0.1% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.7%-ի դիմաց, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և օգոստոսի վերջին կազմել է 3.6%: Ամսվա գնաճին նպաստել են պարենային ապրանքների և ծառայությունների գների աճը՝ ընդհանուր 0.15 տոկոսային կետով, որոնց կառուցվածքում աճել են համապատասխանաբար «Բանջարեղեն և կարտոֆիլ» և «Տրանսպորտ» ու «Բուժսպասարկում» ապրանքախմբերի գները: 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է նվազել և օգոստոսին կազմել է 1.9%:

2015 թ. անցած ութ ամիսների արդյունքներով ՀՀ-ում տնտեսական ակտիվությունն աճել է սպասվածից բարձր տեմպերով, որին մեծապես նպաստել են գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերի ավելի բարձր աճերը: Ի տարբերություն առաջարկի, համախառն ներքին պահանջարկը շարունակում է մնալ թույլ, ինչն արտահայտվել է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների դեռևս նվազող վարքագծով: Հարկ է նշել, որ երրորդ եռամսյակում իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա ունեցել է նախատեսվածից ավելի ընդլայնող ազդեցություն. հարկաբյուջետային ազդակը գնահատվում է 1.5 ընդլայնող:

2015 թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածի արդյունքներով արտահանումը (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 0.5%-ով, իսկ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության` ՍԻՖ) նվազել է 26.3%-ով: Բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում նվազել է տ/տ 36.9%-ով:

Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները, որոնք օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածում կրկին կրել են արտարժույթի շուկայում առաջացած որոշակի լարվածության ազդեցությունը: Այսպես, ԿԲ ռեպո միջին ամսական տոկոսադրույքը սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ նախորդ ամսվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 0.5 տոկոսային կետով՝ կազմելով 11.0%, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը նվազել են 0.05 տոկոսային կետով՝ կազմելով շուրջ 11.9%:

ՀՀ արտարժույթի շուկայում օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածում դիտվել է դրամի արժեզրկում. ՀՀ դրամի միջին ամսական փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ նախորդ ամսվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արժեզրկվել է շուրջ 1.2%-ով` կազմելով 482.5 դրամ, եվրոյի նկատմամբ՝ 3.1%-ով՝ կազմելով 541.9 դրամ, իսկ ՌԴ ռուբլու նկատմամբ արժևորվել է 14.4%-ով` կազմելով 7.18 դրամ:

2015 թ-ի երրորդ եռամսյակում ևս պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, ինչի պարագայում հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակվել են գնանկումային զարգացումները: Այսպես, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ. հունիսի 4-ին հրապարակված պարենի գների ինդեքսը օգոստոսին` նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 5.2%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 21.5%-ով): ԿԲ գնահատումների համաձայն, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը կնվազի եռ/եռ 13.9%-ով (տ/տ 28.4% նվազում) և «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գինը կնվազի եռ/եռ 9.3%-ով (տ/տ 29.1% նվազում):

Ըստ ԿԲ գնահատումների, երրորդ եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գնի նվազումը նախորդ եռամսյակի նկատմամբ կկազմի 18.1% (տ/տ 50.2% նվազում), իսկ Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կնվազի եռ/եռ 12.4%-ով (տ/տ 24.0% նվազում):

2015 թ. երրորդ եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.6%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 15.8%-ով:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել է գնանկումային միջավայրը, ինչից ելնելով ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Այդուհանդերձ, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից քաղաքականության տոկոսադրույքի ակնկալվող բարձրացման պայմաններում զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի սպասումների ներքո համաշխարհային ֆինանսական և արժութային շուկաներում դիտվել է տատանողականության էական աճ, որը ստեղծում է գնաճային ռիսկեր:

Խորհուրդն արձանագրում է, որ երրորդ եռամսյակում ևս պահպանվել են տնտեսական ակտիվության՝ սպասվածից բարձր աճի տեմպերը, որը հիմնականում պայմանավորվել է առաջարկի գործոններով: Խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը նպաստել է ներքին պահանջարկի որոշ չափով վերականգնմանը՝ մասամբ չեզոքացնելով գնանկումային միջավայրը: Համախառն առաջարկի և պահանջարկի վերոնշյալ զարգացումները հանգեցրել են զուտ արտահանման տեմպերի արագացմանը՝ զգալիորեն բարելավելով ՀՀ արտաքին հաշվեկշիռը: ԿԲ խորհուրդը կարծում է, որ տնտեսական հիմնարարների նման զարգացումները էականորեն ավելացրել են արտաքին ցնցումների նկատմամբ երկրի դիմադրողականությունը: Համաշխարհային ֆինանսական և արժութային շուկաների տատանողականության աճը առաջացրել է համեմատաբար բարձր գնաճային սպասումներ, ինչը թույլ չի տվել  ձևավորել ավելի ցածր գնաճային միջավայր: Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային ներկայիս պայմանները, ինչի ներքո մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կնվազի և կտատանվի թույլատրելի միջակայքի ներքևի հատվածում: Դրամավարկային նման քաղաքականությունը հնարավորություն կտա առաջիկայում նվազեցնել ու խարսխել գնաճային սպասումները և ապահովել գնաճի նպատակը միջնաժամկետ հատվածում:

ՀՀ ԿԲ խորհուրդը ներքին տնտեսությունում գնաճային սպասումների և արտաքին ֆինանսական շուկաների զարգացումներին համահունչ, անհրաժեշտության դեպքում, կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության նպատակի իրագործման համար:

2015 թ. 22-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.25%: ԿԲ լոմբարդային ռեպոյի և ԿԲ կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 11.75% և 8.25%:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01