Կառավարության նիստ․ հավանություն է տրվել ՀՀ 2016թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին
Գործադիրն ընդունել է «ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխությունների մասին» որոշում: Ըստ այդմ, հավանություն է տրվել կառավարության կողմից հոկտեմբերի 2-ին Ազգային ժողով ներկայացված ՀՀ 2016թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին, ինչպես նաև ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում պետբյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին: Ներկայացված 322 առաջարկություններից կառավարությունը մասնակի կամ ամբողջությամբ ընդունելի է համարել 60-ը կամ 18,6 տոկոսը: Հաշվի առնելով միայն հստակ գումարներ պարունակող առաջարկությունները, բյուջեի նախագծի լրացուցիչ եկամուտների և ծախսերի ծավալներն՝ առաջարկվել է ավելացնել, համապատասխանաբար, շուրջ 15 մլրդ և շուրջ 14,3 մլրդ դրամ: