Ֆինանսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Հովիկ Աբրահամյան․ Բյուջե 2016-ում կանխատեսվել է ՀՀ ՀՆԱ աճ 2.2%-ով
09/12/2015 13:54
Կիսվել

Հովիկ Աբրահամյան․ Բյուջե 2016-ում կանխատեսվել է ՀՀ ՀՆԱ աճ 2.2%-ով

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթն Ազգային ժողովի լիագումար նիստում.

Ազգային ժողովի հարգարժան նախագահ,

Հարգելի պատգամավորներ,

2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները, ինչպես միշտ, շահագրգիռ էին. հնչեցին և՛ ծանրակշիռ տնտեսական ու քաղաքական հարցադրումներ, և՛ բազմաթիվ կարևոր ծրագրերի ֆինանսավորման ավելացման առաջարկներ:

Ինչպես աշխարհի ցանկացած երկրում, Հայաստանի Հանրապետությունում էլ տարեկան բյուջեն երբևէ հնարավորություն չի ունենում ընդգրկել բոլոր ցանկությունները: Ի վերջո, տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ոչ միայն ֆինանսական, այլ քաղաքական առաջնահերթությունների, հնարավորությունների և ցանկությունների հնարավորինս համադրման փաստաթուղթ է:

Իհարկե, կարելի է ունենալ այլ մարտավարություն` ամրագրել տնտեսական աճի շատ ավելի հավակնոտ նիշ, իսկ հետո փորձել հիմնավորել, թե ինչու հնարավոր չեղավ այն իրականացնել:

Հավատացնում եմ ձեզ, հիմնավորումներ, այն էլ այսօր, հաշվի առնելով թե՛ համաշխարհային տնտեսական ռիսկերը, և թե՛ աշխարհաքաղաքական զարգացումները, որքան ասես հնարավոր կլիներ գտնել: Լինեմ անկեղծ. բյուջետային քննարկումների ժամանակ եղել է այդ կարգի մոտեցում ևս` գնալ նման ռիսկի, և տնտեսական աճը բյուջեում կանխատեսել ոչ թե իրատեսական 2.2 տոկոս, այլ հայտարարել ավելին:

Բայց իմ մոտեցումներն անփոփոխ են՝ իրավիճակի ճշմարիտ, առանց գունազարդումների ներկայացում՝ միաժամանակ նախանշելով մեր տեսլականն ու առաջնահերթությունները, երկրի կարևորագույն քաղաքական հարթակում հնարավոր զարգացումների վերաբերյալ ազնիվ և անկեղծ երկխոսություն ժողովրդի, քաղաքական ուժերի, պատգամավորների հետ:

2014 թվականի վերջից մեր տնտեսությունը հայտնվեց տարածաշրջանային նոր զարգացումների ազդեցության ներքո: Ներկայիս արտաքին մարտահրավերները, ի տարբերություն 2008-2009 թվականների մարտահրավերների, իրենց բովանդակությամբ միայն տնտեսական չեն, այլև քաղաքական կամ աշխարհաքաղաքական են: Իսկ դա նշանակում է, որ դրանք ոչ միշտ են կանխատեսելի և հաշվարկելի: Այդ պատճառով է, որ միջազգային հեղինակավոր կառույցները համարում են, որ աշխարհը և հատկապես մեր տարածաշրջանն այսօր ավելի բարդ իրավիճակում է, քան ոչ վաղ անցյալի ֆինանսական ճգնաժամի տարիներին: Այս պայմաններում մենք չունենք այլընտրանք, քան նոր իրավիճակին համահունչ դարձնելու համար ճշգրտումներ մտցնել մեր որդեգրած տնտեսական բարեփոխումներում:

Դրա համար մենք կվերանայենք մինչև 2025 թ. տնտեսության հեռանկարային զարգացման ծրագիրը, որ հաստատվել էր 2014 թ. մարտին: 2016 թ. մենք կսկսենք դրա համապարփակ, համակողմանի վերանայման գործընթացը՝ դրանում ապահովելով լայն հանրության, քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը:

Փոքր-ինչ անդրադարձ կատարեմ այս տարվա տնտեսական զարգացումներին: Տարվա ընթացքում արտաքին շոկերն էական լարվածություն ստեղծեցին ՀՀ տնտեսական կայունության համար: Գործընկեր երկրներում արձանագրված տնտեսական անկումը բերել է մեր արտահանման հիմնական շուկաներում սպառողների գնողունակության նվազմանը, ինչն էապես դժվարացրել է մեր ապրանքների արտահանումը, որն իր հերթին բացասաբար է ազդել ՀՀ տնտեսվարողների եկամուտների վրա:

Հարգելի պատգամավորներ,

2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի Դաշնությունից ռուբլով տրանսֆերների ծավալը թեև աճել է, սակայն դոլարային արտահայտությամբ, հաշվի առնելով ռուբլու արժեզրկումը, այն կրճատվել է շուրջ 470 մլն ԱՄՆ դոլարով:

Ակնհայտ է, որ այս զարգացումները չէին կարող ազդեցություն չունենալ բնակչության սպառման վրա, որի հետևանքով առևտուրը տասն ամսվա գնահատականներով շուրջ 5 տոկոսով նվազել է: Նման պայմաններում հոռետեսներն սկսեցին խոսել տնտեսության անխուսափելի անկման մասին: Միգուցե այդպես էլ լիներ, եթե չլինեին ռեսուրսների և ջանքերի կենտրոնացումը, կարևոր ծրագրերի և առաջնահերթությունների շեշտադրումը, ոչ ստանդարտ լուծումներ պարունակող կառավարության քայլերը: Հայաստանի Հանրապետության տնտեսությունը դրսևորել է կենսունակության իր ներուժը և 9 ամիսների արդյունքում երկրում գրանցվել է 3.5 տոկոս ՀՆԱ-ի աճ: Հիմնական աճը գրանցվել է գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում, ընդ որում, դա կատարվել է համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գների ցածր մակարդակի ֆոնին:

Հատկապես ուզում եմ շեշտել գյուղատնտեսության աճը: Միգուցե ոմանք փորձեն այն բացատրել միայն բարենպաստ եղանակային պայմաններով: Սակայն դա ճիշտ չէ: Ճիշտ չէ անտեսել ներդրումները, ճիշտ չէ անտեսել նորանոր վերամշակող գործարանների գործարկումը, ճիշտ չէ անտեսել ոռոգվող հողերի տարեցտարի ավելացող քանակը:

Թե՛ եկամուտների նվազմամբ, թե՛ սպառողների կողմից ծախսերի հետաձգմամբ պայմանավորված սպառման անկման արձանագրման հետ պետք չէ անտեսել դրական գործոնները: Օրինակ, այն, որ 2015 թվականի սեպտեմբեր ամսին միջին անվանական աշխատավարձը կազմել է շուրջ 185 հազար դրամ, արդյունքում 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 7.2 տոկոսով, երբ նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 4.7 տոկոս: Այսպիսով, իրական՝ այսինքն գնաճի ազդեցությունից զտված աշխատավարձերը, անգամ հաշվի առնելով կենսաթոշակային հատկացումները, փոքր-ինչ աճել են, երբ մեր տարածաշրջանի բազմաթիվ պետություններում իրական աշխատավարձերը գրանցել են անկում:

Տարածաշրջանային զարգացումների համապատկերում, երբ թե՛ սպառողները, թե՛ ներդրողները խիստ երկար են կշռադատում ցանկացած գործարք, տնտեսության համար կարևորագույն խնդիր է ներդրումների անընդհատության ապահովումը: Բոլոր մասնագետները և միջազգային կառույցները միակարծիք են՝ տնտեսության նման մարտահրավերների պայմաններում գերկարևոր է հանրային ենթակառուցվածքներում ներդրումներ ավելացնելը` բյուջեի դեֆիցիտի ժամանակավոր ավելացման հաշվին: Մենք գնացել ենք հենց այդ ճանապարհով և ավելացրել բյուջեի դեֆիցիտը՝ թե՛ 2015 թվականին Ազգային ժողովի կողմից արդեն իսկ հաստատված ենթակառուցվածքային ծրագրերը գերակատարելով, թե՛ մեծացնելով այն 2016 թվականի բյուջեի ծրագրում և հասցնելով 3.5 տոկոսի՝ այդպիսով շեշտելով տնտեսական աճ և զբաղվածություն ապահովող ենթակառուցվածքային ծրագրերը:

Անդրադառնամ նաև վարկերին: Հաճախ, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներով թևավորված, ոմանք քննարկում են կառավարությանը հատկացված վարկերի թեման: Լսելով նրանց՝ տպավորություն է ստեղծվում, որ երկարատև բանակցությունների արդյունք հանդիսացող վարկային ծրագրերը, որոնք տարիներով մշակվել են, այս կառավարությունը միանգամից նախաձեռնեց ու մեկ-երկու ամսում ստորագրեց: Իրականությունն այլ է. այդ վարկերը քննարկվում և համաձայնեցվում են տևական ժամանակ, քանի որ լուծում են տասնամյակների հեռանկարի խնդիրներ:

Վարկերը ես կբաժանեի երեք խոշոր խմբերի:

Առաջինը` վարկեր, որոնք ապահովում են տարածքային հավասարաչափ զարգացման սկզբունքը: Դրանք բազմազան են և ընդգրկում են սկսած դպրոցաշինական խոշորագույն ծրագրից, որի առաջին փուլում արդեն նախատեսվում է շուրջ 50 դպրոցների սեյսմակայուն ամրացում, վերականգնում կամ կառուցում, վերջացրած մարզերում բժշկական սարքավորումներով համալրված նոր հիվանդանոցային համալիրների, բժշկական կենտրոնների և պոլիկլինիկաների կառուցման ծրագրերով:

Երկրորդը ենթակառուցվածքային վարկերն են, որոնք ընդգրկում են Հյուսիս-Հարավը և կենսական նշանակության այլ ճանապարհները, դեպի Վրաստան և դեպի Իրան էլեկտրահաղորդակցության նոր գծերը, Վեդու, Եղվարդի, Կապսի և Մաստարայի ջրամբարները: Ի դեպ, կառավարության կողմից գերակայություն հայտարարված ջրամբարաշինության ոլորտում 2016 թ. առաջին եռամսյակում արդեն իսկ կսկսվեն Վեդու ջրամբարի աշխատանքները:

Վարկերի երրորդ խմբի նպատակն է աջակցությունը բյուջեին: Այդ արտոնյալ վարկերը որևէ միջազգային կառույց, հենց այնպես, առանց բարեփոխումների ծրագրերի, չի հատկացնում: Այսինքն, այդ վարկերը ոչ թե կառավարությանն ուղղված փրկօղակ են, այլ ապացույց` կատարվող ռազմավարական բարեփոխումների նկատմամբ հավատի առկայության: Եվ նրանց նպատակը ոչ թե բյուջետային փոսեր լցնելն է, այլ այդ բարեփոխումների իրականացմանն աջակցելը:

Հարգելի պատգամավորներ,

Պետականորեն ֆինանսավորվող ծրագրերից ոչ պակաս կարևոր են զարգացումները մասնավոր հատվածում: Բարելավվել է երկրի ներդրումային դիրքը. օտարերկրյա ուղղակի ներդրումները 2014 թ. երեք եռամսյակների նկատմամբ աճել են ավելի քան 17 մլրդ ՀՀ դրամով և 2015 թ. սեպտեմբերին հասել 125 մլրդ ՀՀ դրամի:

Հարկ եմ համարում շեշտել, որ պետության կողմից նախաձեռնված ենթակառուցվածքների ծրագրերն ունեն երկարաժամկետ հեռանկար, ինչը խթանում է նաև մասնավոր ներդրումները: Օրինակ, կառավարության կողմից դեպի Վրաստան և դեպի Իրան էլեկտրահաղորդակցության նոր ենթկառուցվածքների կառուցումն առաջացրել է հետաքրքրություն մասնավոր ներդրողների շրջանում: Այսպես, մի քանի շաբաթ առաջ կառավարությունը հավանություն տվեց օտարերկրյա ներդրողների կողմից ավելի քան 200 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ գազատուրբինային էլեկտրակայանի կառուցմանը: Ի դեպ, խոշորածավալ այս մասնավոր ներդրումը մեկ լումայով անգամ չի ավելացնում մեր պետական պարտքը, չի պահանջում որևէ ֆինանսական երաշխիք կառավարությունից:

Այդպիսին է նաև Ամուլսարի հանքագործական նախագիծը, որը ևս ունի երկարաժամկետ հեռանկար: Այն կսկսի ծավալվել 2016 թ.: Շուրջ 370 մլն ԱՄՆ դոլարի այս ծրագիրը, որն ամբողջ կարողությամբ կսկսի գործել երկու տարվա ընթացքում, կապահովի ավելի քան 1500 աշխատատեղ: Վստահ եմ, որ նման ներդրումները դեռ ավելանալու են:

Հարգելի պատգամավորներ,

Համաշխարհային և տարածաշրջանային ներկայիս զարգացումների և միտումների համատեքստում մեր առաջնահերթ խնդիրն արտաքին մարտահրավերներին դիմակայելով մակրոտնտեսական կայունություն և տնտեսական աճ ապահովելն է:

Հաճախ հարցեր են հնչում կառավարությանը, թե ինչու մենք լիարժեք չենք օգտվում ռուսական շուկայում ստեղծված արտահանման նոր հնարավորություններից, ինչու մեր արտահանումը ՌԴ չի ավելանում: Չպետք է մոռանալ, որ կառավարությունը չէ, որ արտահանում է: Դա մասնավորի գործառույթն է: Կառավարության խնդիրն է՝ ստեղծել անհրաժեշտ գործիքներ, ձեռք բերել որոշակի պայմանավորվածություններ, աշխատել հայրենական արտադրողի հետ, և մենք դա անում ենք: Բայց միևնույն ժամանակ խնդրում եմ ընդունենք նաև մեկ այլ իրողություն: Նոր հնարավորությունների ստեղծման պահին մեր արտադրողները չունեին բավարար ներուժ, պատրաստ չէին արագ արձագանքել և ապահովել արտադրանքի ծավալների մեծացումը: Պետք է խելամիտ ժամանակահատվածում փոխել արտադրանքի տեսականին և գնային քաղաքականությունը՝ լինի դա գյուղմթերք, թե արդյունաբերական արտադրանք և պետք չէ սպասել ակնթարթային հաջողությունների: Այդ հաջողությունները կգան, երբ մենք ձեռք ձեռքի տված սովորենք միմյանց օգնելով շարժվել ժամանակի պահանջներին համահունչ:
Աշխատատեղերի ստեղծումն ու բարելավումը հնարավոր են միայն արտաքին շուկաներում լարված մրցակցության պայմաններում գործող մեր տնտեսվարողների համար բարենպաստ և խթանող միջավայրի ստեղծմամբ:

Օրինակ, կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ոչ թե նոր ձեռնարկություններ է ստեղծել, այլ օրենսդրական նախաձեռնություն է ցուցաբերել, որով ոլորտի նոր ստեղծվող ձեռնարկություններին արտոնություններ են տրամադրվել: Արդյունքը երկար սպասել չտվեց. այս տարի ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսի ժամանակ արդեն 38 նորաստեղծ ձեռնարկություն ցուցադրում էին իրենց աշխատանքները: Այս հաջողությունները մեզ դրդեցին սկսելու քննարկել մասնավոր-պետություն համագործակցությամբ նոր՝ երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարան ստեղծելու գաղափարը, որը նախադրյալներ ունի դառնալու ազգային ծրագիր:

Մեկ այլ օրինակ: Թեև տնտեսական ծանր պայմաններին, կառավարությունն այս տարի 10 մլրդ ՀՀ դրամ ավելի ավելացված արժեքի հարկ է վերադարձրել արտահանողներին՝ գործընթացը դարձնելով ավելի արագ և դյուրին, խթանելով արտահանումը: Մենք քննարկում ենք մինչև տարեվերջ այդ թիվը ևս 5 մլրդ ՀՀ դրամով ավելացնելու հնարավորությունը: Կամ, ցրտահարության և կարկտահարության հետևանքով տուժած գյուղացիական տնտեսությունների հետաձգված վարկային պարտավորությունների և գյուղատնտեսության ոլորտում մատչելի վարկային ռեսուրսներ ապահովելու համար տրամադրել է լրացուցիչ 10 մլրդ ՀՀ դրամ: Սա նպաստող, բայց ոչ բավարար գործոն է արտահանման ավելացման կամ գյուղատնտեսության աճի համար:

Հարցերի մի հատված էլ վերաբերում է սոցիալական ոլորտին:

Հաճախ հարցադրումներ են լինում. իսկ ի՞նչ է անում կառավարությունը, ինչպե՞ս է պահպանում սոցիալական ապահովության մեխանիզմները: Սոցիալական առումով, եթե շատ երկրներ վերանայել են արդեն իսկ գործող պարտավորությունները, ապա մեր կառավարությունն անշեղորեն պահպանել է իր տված խոստումները նաև նոր ծագող, դեռևս չգործող պարտավորությունների մասով: Օրինակ, ժամանակավոր անաշխատունակության նպաստների քաղաքականության փոփոխությունների շնորհիվ ներդրվեց չաշխատող մայրության նպաստի ինստիտուտը, և 2016 թ. հունվարի 1-ից այն կտրամադրվի ևս մոտ 30 000 մայրերի, ինչը, որպես ժողովրդագրության խթանման կարևորագույն խնդիր, երկար տարիներ չէր գտնում իր լուծումը: Այս նպատակով 2016 թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է մոտ 4 մլրդ ՀՀ դրամ:

Հարգելի պատգամավորներ,

Եկող տարի մենք նախաձեռնել ենք մի շարք կարևոր, դեպի ապագան միտված ծրագրեր: Առաջինը, ինչպես արդեն նշեցի, մինչև 2025 թ. տնտեսության հեռանկարային զարգացման ծրագրի վերանայումն է:

Երկրորդ կարևորագույն ծրագիրը մինչև 2036 թ. ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման ռազմավարությունն է, որը կսահմանի ուղենիշեր տնտեսության ողնաշարը հանդիսացող կարևորագույն այս ճյուղի համար, կխթանի համակարգ օտարերկրյա ներդրումների գրավումը, կապահովի կայուն զարգացման նախադրյալներ:

Երրորդ կարևոր նախաձեռնությունն այսօր արդեն իսկ ակտիվորեն քննարկվող անկախության տարիների ամենահամալիր և ամենահամապարփակ հարկային բարեփոխումների փաթեթի ընդունումն է: Ես արդեն նշել եմ այն սկզբունքները, որոնք ֆինանսների նախարարությունը պետք է դնի հարկային փաթեթի հիմքում: Դրանք են՝ խթանել երկարաժամկետ աճ` չկենտրոնանալով կարճաժամկետ արդյունքների վրա, երկրի մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային համակարգում հիմնական շեշտը դնել սպառման հարկման վրա: Կատարվող բարեփոխումները բոլոր ժամանակահատվածներում պետք է բերեն բյուջեի եկամուտների ավելացման՝ որպես առաջնային ռեսուրս դիտարկելով հարկահավաքման արդյունավետության բարձրացումը և հարկատուների համար պայմանների դյուրացումը: Նախատեսել արտոնությունների աստիճանական փոխարինում սուբսիդիաներով, այն դեպքում, երբ հնարավոր լինի դրանց թիրախավորված տրամադրումը կարիքավոր խավերին` փոխհատուցելով գների հնարավոր աճը: Բարեփոխումները պետք է իրագործվեն 3-5 տարվա ընթացքում` հարկային համակարգում կայունություն և սահունություն ապահովելու նպատակով:

Հարգելի գործընկերներ,

Մի առիթով Ուինսթոն Չերչիլը ասել է. «Յուրաքանչյուր խելացի մարդ միշտ կարող է կազմել հաղթական ծրագիր, բայց մեկ պայմանով` եթե ինքը չէ այդ ծրագրի իրականացնողն ու պատասխանատուն»: Այս խոսքերը ես հիշեցի, երբ բյուջեն ներկայացնելուց հետո այն սկսեցին քննարկել տարբեր հարթակներում, և հնչում էին գնահատականներ, թե կարելի էր ավելի հավակնոտ բյուջե ներկայացնել և տնտեսական առավել մեծ աճի ցուցանիշ ամրագրել: Այո՛, ամեն ինչ էլ կարելի էր գրել և ասել, եթե դու չես դրա պատասխանատուն, և եթե դու չես լինելու ասվածի և հետո այդպես էլ չարվածի կրողը:

Կարծում եմ, որ բյուջետային քննարկումների ժամանակ ելույթ ունեցողները պետք է իրենց առաջարկություններին մոտենան իրականացնողի պատասխանատվությամբ: Վստահ եմ, որ մեր երկրին արժանի տնտեսական հաջողություններ մենք կարող ենք ապահովել միայն՝ ներառելով բոլոր առողջ ուժերին, քննարկելով բոլոր կառուցողական առաջարկները, այն առաջարկները, որոնք ենթադրում են ոչ միայն հաղթական դափնիներ, այլ պատասխանատվության մեծ զգացում: Նման մոտեցում մենք կարող ենք ձևավորել միայն հանդուրժողականության հիման վրա, սուր, բայց կառուցողական քննարկումների արդյունքում, միասնաբար ընդունված որոշումների անշեղ կատարման միջոցով:

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել. կառավարությունն ունի տնտեսության զարգացման իր տեսլականը և ունի քաղաքական կամք այն դարձնել իրականություն՝ ներառելով մեր հասարակության կառուցողական մոտեցումները: Վստահ եմ, որ միասին կզարգացնենք ու կշենացնենք մեր երկիրը, մեր Հայաստանը:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75