Mercedes-Benz-ն իրական պայմաններում փորձարկում է առանց վարորդ երթևեկող բեռնատարները
Հայտնի է, որ Mercedes-Benz-ն աշխատում է ավտոմատ համակարգերի միջոցով կառավարվող բեռնատարների ուղղությամբ։ Օրերս ավտոկոնցեռնը սկսել է բեռնատարերի փորձարկումը՝ երեք բեռնատար ուղևորվել է 600 կմ երկարությամբ ճամփորդության՝ Շտուտգարտից Ռոտերդամ։
Highway Pilot Connect կոչվող ավտոմատ կառավարման համակարգը հնարավորություն ունի միավորելու մի քանի բեռնատար, որոնք կերթևեկեն միմյանցից 15 մետր հեռավորության վրա։ Շարասույնում ընթացող բեռնատարները ենթարկվում և հետևում են առաջատար բեռնատարին։
Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը: