Վարչապետը հանձնարարել է կազմել հուշաթերթ՝ ներկրողների համար
Այսօր՝ մայիսի 19-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նիստի շրջանակներում Հովիկ Աբրահամյանը հանձնարարական է տվել էկոնոմիկայի նախարարին կազմել հուշաթերթ, որպեսզի բիզնեսով զբաղվող մարդիկ, ովքեր ցանկություն ունեն ներկրումով զբաղվել, հնարավորություն ունենան հասանելի և պարզ տարբերակով տեղեկանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ մյուս մարմիններում արհեստական խոչընդոտներ չստեղծելու համար: Վարչապետը հանձնարարել է այդ հուշաթերթը տեղադրել նախարարության կայքում:
Բացի այդ, Հովիկ Աբրահամյանը հանձնարարական է տվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի բոլոր ներկրողների համար ստեղծեն հարկային և մաքսային հավասար պայմաններ և ընդգծել է, որ այդ գործընթացը լինելու է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության հսկողության ներքո՝ ստուգելու են շաբաթը կամ ամիսը մեկ անգամ: