Ռոստելեկոմ․ ամփոփվել են «Տեխնոլոգիաներ Կյանքի Համար – Առավել Հնարավորություններ» լրագրողական մրցույթի առաջին փուլի արդյունքները
2016 թվականի մայիսի 24-ին «Ռոստելեկոմ» Հայաստանի վաճառքի և սպասարկման սրահում տեղի ունեցավ «Տեխնոլոգիաներ կյանքի համար – առավել հնարավորություններ» լրագրողների ամենամյա V մրցույթի հայաստանյան փուլի արդյունքների ամփոփումը։
Մրցույթը մեկնարկել է 2015թ․ նոյեմբերին և անց է կացվում տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների, տարբեր ոլորտներում կիրառման վերաբերյալ առավել օբյեկտիվ և որակյալ լուսաբանմանը ԶԼՄ-ների և բլոգերների ուշադրությունը հրավիրելու նպատակով: Ինչպես և նախորդ տարի, մրցույթն անց է կացվում երկու փուլով։
«Մեր օրերում շատ է կարևորվում տեղեկատվական տեխնոլոգիաների դերը տարբեր ոլորտներում, ուստի ոչ միայն անհրաժեշտ, այլ շատ կարևոր է լրագրողների կողմից նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության և մեկնաբանությունների տրամադրումը։ Հուսանք մեր լրագրողների նյութը կամ նյութերը այս տարի ևս կհաղթեն երկրորդ փուլում և նրանք հնարավորություն կստանան այցելելու Չինաստան և ծանոթանալու տեխնոլոգիական միջազգային նորույթներին։»-նշեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Մրցույթի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին «Ռոստելեկոմի» Սմարթբոքսերով երեք ամսվա անվճար բաժանորդային վճարով։ Շնորհիվ այս սմարթբոքսերի լրագրողները կկարողնան դիտել Սմարթ հեռուստատեսություն ցանկացած վայրում, ուր կա ինտերնետ հասանելիություն և հեռուստատեսություն։
Միջոցառման ընթացքում պատվոգրեր հանձնվեցին առաջին փուլի բոլոր մասնակիցներին, իսկ առավելագույն միավորներ վաստակած մասնակիցները ստացան հնարավորություն երկրորդ փուլում մրցելու ռուսաստանյան հաղթող լրագրողների հետ գլխավոր մրցանակին՝ աշնանը Չինաստանի Շենչժեն քաղաք այցելելու համար։
Առաջին փուլում ներկայացված աշխատանքների համար առավելագույն միավորներ ստացել էին լրագրողներ Աննա Քեշիշյանը («Не выбрасывайте корки картофеля», «Արարատ» հ/ը), Վանուհի Ավագյանը («Армения стала серьезным конкурентом в платформе международных информационных технологий» «Երկիր Մեդիա» հ/ը), Իննա Վերլինսկայան («Новые ArmTab и Armphone вскоре появятся на армянском рынке», «Առկա» լ/գ):
Տեխնոլոգիաներ կյանքի համար – առավել հնարավորություններ» մրցույթի մասին
Մրցույթն անց է կացվում հայաստանյան և ռուսաստանյան լրագրողների միջև երկու փուլով՝ նպատակ ունենալով նպաստելու ԶԼՄ-ների և բլոգերների կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների` տարբեր ոլորտներում կիրառման վերաբերյալ առավել օբյեկտիվ և որակյալ լուսաբանման ապահովմանը:
Մրցույթի երկու փուլերի արդյունքում հաղթող ճանաչված հինգ մասնակիցները կարժանանան գլխավոր մրցանակակին՝ 2016թ. աշնանը կայցելեն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ZTE կորպորացիայի գլխամաս Չինաստանի Շենչժեն քաղաքում, կծանոթանան տեխնոլոգիական նորույթներին։
Յուրաքանչյուր տարի նախագծին մասնակցում են ավելի քան 500 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ Ռուսաստանից և Հայաստանից։
Մասնակցելու հայտ կարող էին ներկայացնել ինչպես ռադիո և հեռուստատեսության, այնպես էլ տպագիր (թերթեր, ամսագրեր) և առցանց ԶԼՄ-ներում, սոցիալական մեդիայում (բլոգեր) հրապարակված աշխատանքները։
Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ էր գրանցվել և տեղադրել լրագրողական նյութը www.smi.rt.ru կայքում մինչև 2016թ. ապրիլի 10-ը: Նույն կայքում էլ այս պահին տեղակայված են աշխատանքներն ու մանրամասն տեղեկատվությունը մրցույթի մասին՝ www.smi.rt.ru:
Հայաստանյան ժյուրիի (առաջին փուլի) կազմում էին հեռահաղորդակցության ոլորտի կառույցների ներկայացուցիչներ՝
– Էմիլ Տարասյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, փոխնախարար
– Բագրատ Ենգիբարյան – «Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ», տնօրեն
– Կարեն Վարդանյան – «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն», գործադիր տնօրեն,
– Սիրանուշ Գյուրջինյան – «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստան, Հանրային կապերի բաժնի ղեկավար։
Մրցույթը ռուսաստանյան լրագրողների շրջանում անց է կացվում արդեն հինգերորդ անգամ, իսկ միջազգային այն դարձել է հայաստանյան լրագրողների՝ 2014-2015 մրցույթին մասնակցությունից հետո։