Կառավարությունը կապահովի գնումների ավելի թափանցիկ գործընթաց
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը կառավարության ղեկավարը նշել է.
«Գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով հանձնարարում եմ ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ առավել բարելավել թափանցիկությունն այդ գործընթացի տարբեր փուլերում, հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հետաքրքրվող անձի, էլեկտրոնային գնումների կայքէջում տեսնել՝ գնումների գործընթացների արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը, ինչպես նաև կնքված պայմանագրերի կատարման արդյունքները (ընդունման-հանձնման ակտեր, կատարողական ակտեր, հաշիվ ապրանքագրեր և այլն):
Միաժամանակ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ ֆինանսների նախարարության Պետական գնումների պաշտոնական կայքէջի հաշվետվությունների բաժնում ամսական կտրվածքով տեղադրվում է մանրամասն տեղեկատվություն նախորդ ժամանակահատվածում առավել հաճախակի կատարված գնումների վերաբերյալ, օրինակ` վառելիք, գրասենյակային կամ տնտեսական նյութեր և այլն: Նշված հաշվետվություններում ներկայացվում են տվյալ ապրանքի գծով տվյալ ամսվա ընթացքում ձևավորված նվազագույն և առավելագույն գները, հաղթողների առաջարկած միջին գները, այդ գների միջև ստանդարտ շեղումը և այլն, ինչպես նաև կարելի է տեսնել ըստ պատվիրատուների` առանձին գնման ժամանակ ստացված նվազագույն և առավելագույն գները ու հաղթողի առաջարկած գինը:
Այս կտրվածքով բացահայտված տեղեկատվությունը լավ հիմք է գնումների գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության իրականացման համար, սակայն չպետք է սահմանափակվել այսքանով և հանձնարարում եմ ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ մշակել ծրագրային լուծում, որը հնարավություն կընձեռի յուրաքանչյուրին էլեկտրոնային գնումների կայքէջում, ընտրելով հետաքրքրող պարամետրերը, ինքնուրույն ձևավորել հաշվետություններ:
Սա լուրջ մտահոգություն է հանրության շրջանում, և կառավարությունն այս միջոցառումները պետք է իրականացնի և ապահովի գնումների ավելի թափանցիկ գործընթաց»: