«Տաշիր» առևտրի կենտրոնում բացվում է հայրենական արտադրության միասնական հարթակ
«Տաշիր» առևտրի կենտրոնի տնօրինությունը հայտարարել է «Armenian Brands» նախագծի մեկնարկի մասին․
«Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ-ն իրականացնում է «Armenian Brands» աննախադեպ նախագիծ, որի շրջանակներում «Տաշիր» առևտրի կենտրոնում կձևավորվի առանձնացված հարթակ, ուր կտեղակայվի հայկական թեթև արդյունաբերության արտադրանք՝ հագուստ, կոշիկ և աքսեսուարներ: Նախագիծը հնարավորություն կստեղծի պոտենցիալ գնորդներին մեկ վայրում ծանոթանալ հայրենական մոդելավորողների և արտադրողների ներկայացրած նմուշներին: Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրի զարգացման գլխավոր նախապայմանը արտադրության խթանումն է: Ուստի այս որոշման հիմնական նպատակն է խթանել հայաստանյան արտադրողների գործունեությունը, ապահովել մեկ հարթակից միասնական ցուցադրություն և վաճառք, ինչպես նաև նպաստավոր պայմաններ ստեղծել բիզնես-տուրիզմի զարգացման համար:
Տեղեկացնում ենք նաև, որ ավարտին են մոտենում համապատասխան վերանորոգման աշխատանքները: Ավելորդ չէ նշել, որ նշված հարթակում մնացել են շատ սահմանափակ թվով տարածքներ, քանի որ արդեն իսկ առկա են պայմանավորվածություններ հայաստանյան թեթև արդյունաբերության մի շարք արտադրողների հետ, ովքեր ևս մեծ ոգևորությամբ են ընդունել այս նախաձեռնությունը: Հուսանք՝ գաղափարը հարմար ու հաճելի կլինի նաև գնորդների համար: