
Հովիկ Աբրահամյանն այցելել է կոշիկի արտադրությամբ զբաղվող «Փիրալյան» ընկերություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է կոշիկի արտադրությամբ զբաղվող «Փիրալյան» ընկերություն: Կառավարության ղեկավարին են ներկայացվել ձեռնարկության արտադրական գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Տեղեկացվել է, որ խոշոր ներդրումների արդյունքում ձեռնարկությունը հագեցվել է իտալական նորագույն սարքավորումներով, իսկ արտադրանքի մեծ մասն իրացվում է ներքին շուկայում: Ընկերությունն իր առջև նպատակ է դրել ավելացնել արտադրական և արտահանման ծավալները:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ այս ոլորտը մեր երկրում ունի զարգացման մեծ ներուժ: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահելու ոլորտը, տարբեր գործիքակազմերով օժանդակելու է այս ոլորտում գործող ձեռնարկություններին՝ մեր երկրում կոշիկի արտադրության ավանդույթները վերականգնելու և զարգացմանը նպաստելու համար: