Կես տարում պետբյուջեի մեկ երրորդն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտ
2016 թվականի առաջին կեսին մեր երկրի պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտ է ուղղվել 191.90 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը բացարձակ արտահայտությամբ աճել է մոտ 3%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կատարված ծախսերը, որոնք ենթադրում են բնակչությանը սոցիալական աջակցության տրամադրում և ծայրահեղ աղքատության մեղմում, կազմել են պետական բյուջեի 32.1%-ը: Համեմատությամբ համար նշենք, որ 2015 թվականի հունվար-հունիսին ցուցանիշը կազմել էր 32.9%:
Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա առաջին վեց ամսվա կտրվածքով մեր երկրի պետական բյուջեի ծախսերի փաստացի կատարման կառուցվածքում պաշտպանության ոլորտ ուղղված ծախսերը կազմել են մոտ 15%, ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում կատարված ծախսերը՝ 21%:
Կրթության ոլորտին բաժին է ընկել պետական բյուջեի ծախսերի մոտ 9%-ը, հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն ուղղված ծախսերը կազմել են 8.5%-ը, իսկ առողջապահության ոլորտում պետական ծախսերը կազմել են 6%:
Նշենք նաև, որ 2016 ֆինանսական տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանի պետական բյուջեի ընդհանուր ծախսերը կազմել են 597.27 մլրդ ՀՀ դրամ: