160 մլն դրամ՝ Վանաձոր համայնքի ֆինանսական վիճակի բարելավման համար
Կառավարության պահուստային ֆոնդից 160 մլն դրամ կհատկացվի նաև Լոռու մարզպետարանին՝ մարզի Վանաձոր համայնքի ֆինանսական վիճակի բարելավման համար: Գործընթացի իրականացման արդյունքում կապահովվի Վանաձոր համայնքի բնականոն գործունեությունը:
Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2016թ. ապրիլի 22-ին Հռոմում և 2016թ. հունիսի 15-ին Երևանում կնքված Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում» ծրագրի դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում ֆինանսավորման համաձայնագրի կնքումով պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշման ընդունումը հնարավորություն կտա իրականացնել ծրագիր, որը նպատակաուղղված է Վայոց ձորի, Արարատի և Սյունիքի մարզերի ագրոէկոլոգիական առումով առավել ռիսկային տարածքների բնակիչների ընդհանուր կարողությունների ուժեղացմանը և նշված մարզերում համայնքային դեգրադացված հողերի վերականգնմանը:
Կառավարության որոշմամբ հաստատվել են ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված՝ նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի՝ արոտների և խոտհարքների (բնական կերահանդակներ) 2016թ. կադաստրային գները և զուտ եկամուտները, ինչը համայնքներին հնարավորություն կտա մեթոդապես ճշգրիտ հիմքերի վրա դնել գյուղատնտեսական հողատեսքերի գների սահմանումը, հողի հարկի, վարձավճարի, գրավի նորմաների որոշումը, արդյունավետ հողօգտագործման տարբեր բնույթի հարաբերությունների կարգավորումը: