Mercedes-Benz-ը Փարիզում ներկայացրել է Generation EQ էլեկտրամեքենան
Գերմանական Daimler AG-ն Փարիզի ավտոսալոնի շրջանակներում ներկայացրել է նոր կոնցեպտ էլեկտրամեքենա, որն անվանվել է Generation EQ։
Կոնցեպի ներկայացումը նպատակ ունի ցուցադրելու Մերսեդես-Բենցի էլեկտրամեքենաների նոր շարքի դիզայնը։ Լուրերի համաձայն ներկայացված էլեկտրամեքենան արտադրության կդրվի 2019թ.-ից և կանվանվի MEQ։ Մեքենան կմրցակցի Audi e-tron quattro, Jaguar E-Pace և Tesla Model X էլեկտրական մեքենաների հետ։
Daimler AG ղեկավար Դիտեր Ցիտշեն հայտնել է, որ ներկայացված մեքենան վաճառքի կհանվի առաջիկա երեք տարվա ընթացքում։ Մոդելի գինը համադրելի կլինի GLC քրոսովերի գնին։ Հավելենք, որ մեքենան որոշակի նմանություն ունի GLC մոդելին։
Մեքենայի մարտկոցների հզորությունը բավականացնում է 500 կմ անցնելու համար։ Շարժիչի հզորությունը կլինի 400 ձիաուժ, իսկ 100 կմ/ժ արագություն հավաքելու համար կպահանջվի 5 վայրկյան։
Նշենք նաև, որ մինչ 2025թ.-ը Մերսեդես-Բենցը պատրաստվում է էլեկտրամեքենաների շարքը հասցնել մինչև 10-ի։ Կոնցեռնը նաև մեկ միլիարդ դոլար կներդնի մարտկոցների նոր գործարան կառուցելու համար։