Հոկտեմբերի 6-ին Աստանայում կմեկնարկի հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը
Հոկտեմբերի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանա՝ մասնակցելու հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի աշխատանքներին, որը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին։
Հայաստանի պատվիրակության կազմում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ընդգրկված են նաև ՀՀ նախարարությունների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում կքննարկվի երկու երկրների միջև առևտրատնտեսական, գյուղատնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի և այլ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են․ հայկական կողմից՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը և ղազախական կողմից՝ Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարար Ժենիս Կասիմբեկը։