ՊԲ. ազերիների դիվերսիոն ջոկատը կորուստներ է կրել և հետ շպրտվել
Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքեր:
Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
Բացի դիվերսիոն ներթափանցման փորձերից հակառակորդը հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2800 կրակոց: Հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (200 կրակոց):
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնագծում և պատրաստ են կանխարգելել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն` հասցնելով ցավոտ հարված: