Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները մինչև 150 կՎտ հզորությամբ արևային կայանների տեղադրման համար
Փոքր հզորությամբ ինքնավար արևային կայանների տեղադրման համար Հայաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները։ Կատարված օրենսդրական փոփոխություններից հետո այսուհետ ֆիզիկական և իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։
Դրա համար ոչ միայն չի պահանջվում որևէ լիցենզիա, այլև ամբողջ գործընթացն ազատված է հարկերից։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով, վերջերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց նաև ինքնավար կայանների էլեկտրական ցանցին միանալու պայմանագրի օրինակելի ձևը և հատուցման տրամադրման կարգը։ Այդպիսով, այլևս որևէ խոչընդոտ չկա սեփական կարիքները բավարարելու համար մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայանների տեղադրման և շահագործման համար։
Ցանցին միանալու համար անհրաժեշտ կլինի սպառողի կողմից ներկայացված դիմումը։ Դրա հիման վրա կնքվում է միացման պայմանագիրը, որի համաձայն ցանցերն իրականացնում է նոր սպառողի միացումը։
Դրանից հետո, ըստ Հ. Բադալյանի, տեղադրվում են դարձափոխիչային ռեվերսային բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներ, որոնց ձեռքբերման և սպասարկման հետ կապված հարցերը կարգավորվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված՝ էլեկտրական էներգիայի մատակարարարման և օգտագործման կանոններով։