Զարմինե Զեյթունցյան. Ջերմուկը Հայաստանի ամենակարևոր զբոսաշրջային քաղաքներից մեկն է
Վայոց Ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացման առաջիկա երեք տարիների հայեցակարգը: Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը՝ ներկայացնելով ՀՀ Նախագահի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության արդյունքները: «Մենք Նախագահին ներկայացրել ենք նաև առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները, մեր նպատակները և այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ միջոցառումները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զեյթունցյանը:
Նա հավելեց, որ Ջերմուկում զբոսաշրջության զարգացման ծրագիրը ՀՀ Նախագահին ներկայացրել է քաղաքապետ Վարդան Հարությունյանը: «Մենք այստեղ ենք, որովհետև Ջերմուկը մեր ամենակարևոր զբոսաշրջային քաղաքներից մեկն է, ինչը կարևորություն է ներկայացնում մի քանի տեսանկյունից և ունի զբոսաշրջային բազմազան հնարավորություններ: Սակայն հիմնական քննարկումը միտված էր զբոսաշրջության ընդհանուր զարգացմանը»,- մանրամասնեց Զարմինե Զեյթունցյանը:
Հարցին՝ զբոսաշրջության զարգացման համար հիմնական շեշտը ինչի՞ վրա է դրվելու, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն ընդգծեց, որ իրենք առաջին հերթին սկսելու են հայեցակարգի ձևավորումից, ինչից հետո արդեն կանցնեն առաջին տարվա համար նախատեսված միջոցառումների իրականացմանը:
Որպես առաջնահերթ քայլ Զարմինե Զեյթունցյանն ընդգծեց երկրի ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով, որ եկող տարվա ծրագրային ծախսերի մոտ 70 տոկոսն ուղղվելու է հենց այդ աշխատանքների իրականացմանը: «Մենք շատ ենք ցանկանում զբոսաշրջային հետաքրքիր պրոդուկտ ստեղծել, ինչը շատ ճիշտ է, սակայն, եթե աշխարհը չգիտի Հայաստանի մասին, չկա կանոնակարգված տեղեկատվություն մեր երկրի մասին, խոսել երկիր այցելությունների քանակն ավելացնելու մասին (իսկ մենք ունենք հավակնոտ նպատակներ) անիմաստ է: Դրա համար մեր ռազմավարության հիմնական ուղղությունը երկրի ճանաչելիության բարձրացումն է»,- ասաց նա:
Ճանաչելիության բարձրացման աշխատանքներին զուգահեռ իրականացվելու են նաև ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ: Զարմինե Զեյթունցյանն ընդգծեց, որ հարկավոր է Հայաստանում զբոսաշրջության զարգացման աշխատանքներում ներգրավել հայկական սփյուռքը: Այս պահի դրությամբ սփյուռքահայերի միայն 10 տոկոսն է եղել Հայաստանում: «Այսինքն, սա մեզ համար կարելի է համարել թիրախային շուկա, որը լիովին պատրաստ է, սակայն ունի իրազեկման խնդիր: Կան նախատեսված բազմաթիվ միջոցառումներ, որոնց շնորհիվ մենք կբարձրացնենք առաջին հերթին մեր երկրի ճանաչելիության մակարդակը»,- եզրափակեց Զեյթունցյանը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Վայոց Ձորի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում զբոսաշրջության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանակարները և այդ ուղղությամբ մինչ օրս իրականացված գործողությունները: