Սուրեն Կարայանը Կարինե Մինասյանի հետ քննարկել է ԵԱՏՄ Թվային օրակարգը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 22-ին հանդիպել է ԵԱՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանին և ԵԱՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Խաժակ Կարայանին՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միության Թվային օրակարգի ռազմավարական ուղղությունների քննարկման նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատուրյանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է․«Ուրախ ենք ձեզ ողջունել այս կարևոր թեման քննակելու նպատակով։ Թվային տնտեսությունը մեր հեռանկարային զարգացման հիմքերից է»։
ԵԱՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանի խոսքով՝ Հայաստանը առաջատար դիրքեր ունի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, և կա լուրջ ներուժ՝ խթանելու թվային տնտեսությունը:
ԵԱՏՄ երկրները մտադիր են միասնական թվային տարածքում իրականացնել հետևյալ խնդիրները.
Միության անդամ պետություններում թվային տնտեսության նորմատիվ-իրավական բազայի մշակում
Թվային տնտեսության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության ստեղծում
Նպաստել և աջակցել թվային նախաձեռնություններին ու ծրագրերին
Միության անդամ պետությունների բոլոր հետաքրքրված քաղաքացիների և կազմակերպությունների միջև երկխոսության ապահովում և թվային տնտեսության բնագավառում լավագույն փորձի առաջմղում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր կապված Եվրասիական տնտեսական միության Թվային օրակարգի ռազմավարական ուղղությունների կոնտեքստում Հայաստանի կողմից իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ: