Պաշտոնական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Սերժ Սարգսյան. հարկ եղած դեպքում «Իսկանդերի» համազարկը չի ուշանա
25/03/2017 21:30
Կիսվել

Սերժ Սարգսյան. հարկ եղած դեպքում «Իսկանդերի» համազարկը չի ուշանա

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների ու բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ եղել է ՊԲ զորամասերից մեկում, ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը և ունկնդրել զորամասի շարահրապարակում զինծառայողների համար կազմակերպված համերգը:

Համերգային ծրագրի ավարտին Նախագահ Սարգսյանը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար պետական բարձր պարգևներով՝ Մարտական ծառայության մեդալով, պարգևատրել է մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների, նվերներ հանձնել նրանց և զինծառայողների այն ծնողներին, որոնց ընտանիքներում երկու կամ ավելի զինծառայողներ մեծ նվիրումով իրենց պարտքն են կատարում հայոց բանակում:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայրենիքի զինվորներին և անփորձանք ծառայություն մաղթել նրանց:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը զինծառայողների և նրանց ընտանիքիների անդամների առջև

Պարոնա՛յք զինվորներ և սպաներ,

Սիրելի՛ ծնողներ,

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այստեղ, Արցախի հողի վրա, իրականության ընկալումն իմ կարծիքով շատ ավելի օրինաչափ է։ Վստահ եմ` բոլորդ եք զգացել։ Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում, փառք Աստծո, մենք վաղուց արդեն անցել ենք ամեն րոպե վտանգ զգալու փուլը։ Դա լավ է, դա առաջընթացի համար շատ կարևոր գործոն է։ Բայց այստեղ այդ զգացումն այլ է՝ հաստատ ավելի իրական է։ Արցախցին ամեն օր արթնանում է ու իր կյանքն ապրում՝ քաջ գիտակցելով, որ յուրաքանչյուր պահ արևելքից կարելի է սպասել ամեն ինչ։ Արցախի ժողովուրդն ամբողջությամբ բանակ է. այստեղ յուրաքանչյուրն է զինվոր, որ ամիսներ ու տարիներ շարունակ պաշտպանում է խաղաղությունը գերագույն արժեք համարողների, ժողովրդավարությունը կենսակերպ դարձրածների, խոսքի ազատության, մարդու իրավունքների, քրիստոնեության և հանդուրժողականության մեծ տարածքի հարավ-արևելյան սահմանը։ Արցախն ինքը մեր օրերի հերոսն է։

Սիրելի՛ ծնողներ,

Այս օրը դուք անցկացրեցիք ձեր զինվոր զավակների հետ։ Գլուխ եմ խոնարհում ձեր առաջ այսպիսի տղաներ դաստիարակելու համար։ Նրանք ամեն օր, ամեն ժամ հսկում են մի ողջ ժողովրդի անվտանգությունը, ապահովում նրա գոյությունը։ Վաղը նրանք ձեր օջախներ կվերադառնան որպես իսկական տղամարդ՝ հասուն, գիտակից ու միշտ կապրեն այն համոզմունքով, որ զարգանալ կարելի է միայն պաշտպանված լինելով։ Նրանք դա այսօր բոլորից լավ գիտեն։
Այո՛, զարգանալ կարելի է միայն պաշտպանված լինելով։ Հետևաբար այս օրերին, երբ քննարկվում է, թե ում պետք է վստահել Հայաստանի զարգացման ղեկը գալիք հինգ տարիների համար, յուրաքանչյուր ոք պարտավոր է իրեն հարց տալ, իսկ ո՞վ կարող է կազմակերպել պաշտպանությունը, որ հնարավորություն ունենա զարգացում ապահովել։

Նախանցած ապրիլին մենք սրբադասեցինք 1.5 միլիոն մեր նահատակներին։ Անցած ապրիլին մենք մի բռունցք դարձանք ու հետ շպրտեցինք բանականությունը կորցրած հարևանի լայնամասշտաբ հարձակումը. մենք կանխեցինք ապագայում նահատակներ սրբացնելու հեռանկարը։ Ով չի հասկացել, որ այստեղ՝ այս սահմանին մենք ցեղասպանություն ենք կանխում, ուրեմն չի հասկացել, թե որտեղ է ապրում։ Ով չի ընկալել սեփական հողի վրա մեր ժողովրդին բնաջնջելու հռետորության վտանգները, կարող է շարունակել չեղած գումարներով թոշակ ու աշխատավարձ բարձրացնելու կամ բնակչությանը գրեթե անվճար հոսանք ու գազ մատակարարելու գլուխգովանությունը, դրանից միևնույնն է վտանգը չի նվազելու։

Անցած ապրիլին մենք հետ շպրտեցինք միջազգային պայմանավորվածությունները դրժած հակառակորդին բոլոր ուղղություններով, մենք տապալեցինք նրանց պլանները, մենք կատարելապես ջախջախեցինք նրանց՝ այդ օրերի տեղեկատվական պատերազմում, մենք մի տարվա ընթացքում այնքան ամրացրինք սահմանն ու զինեցինք զորքը, որ այսօր մեր առաջնագիծն ուղղակի անճանաչելի է դարձել։ Այսօր մեր տղաները հետևում են հակառակորդի տեղաշարժին նրա տարածքի խորքում արդեն։ Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն։

Մենք այլևս երբեք միլիոնավոր նահատակների սրբադասում չենք անելու։ Հաստա՛տ չենք անելու:

Անցած ապրիլին հերոս տղաներ կորցրեցինք։ Ոչ ոք չգիտի, թե յուրաքանչյուրի մահն ինչպես եմ վերապրել։ Ես` գերագույն գլխավոր հրամանատարս, ով ուղղակի իրավունք չունի թուլություն ցույց տալու։ Յուրաքանչյուր հերոսի հետ վերապրել եմ իր ողջ կյանքը և առավոտյան սառը հայացքով հակահարվածի նոր հրաման եմ տվել։

Մենք պետք է ունենանք անվտանգության ուժեղ ձեռք։ Պոպուլիզմը կամ թուլությունը անվտանգության բուրգի գագաթում կկործանի մի ողջ ժողովուրդ։ Քառօրյա պատերազմի ավարտին համաձայնվելիս մենք, անշուշտ, գիտեինք, որ դեռ մեկ-երկու բլուր հետ չենք վերցրել։ Ներքին քաղաքական դաշտից վախեցող կամ պոպուլիստ մեկը էլի մի 100 զոհի գնով հետ կբերեր այդ հողակտորը, որ հետո հերոս խաղար ամբիոններում։ Միայն ուժեղը կարող էր կանգնելու հրաման տալ, խնայել կյանքեր ու իր վրա վերցնելով ապագա դատարկ պոպուլիզմի հարվածները՝ քաջ գիտակցելով ինչքան տարածք է մինչ այդ լուռ վերցրել և ինչքան կվերցնի հաջորդ անգամ։ Մարդկային կյանքը կարող են գնահատել միայն ուժեղները։ Մեր անվտանգությանը ուժեղ առաջնորդություն է պետք։

Ինձ անընդհատ հարցնում են՝ ինչ եմ անելու 2018 թվականից հետո։ Ես իմ կյանքի ընթացքում իրոք երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ հայտնվել եմ այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի եմ եղել։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ։

Իսկ այսօր ավելի կարևոր հարց ունենք։ Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում։

Ընտրում ենք, թե ում հրամանատարության ներքո են այս տղաներն ավարտելու իրենց ծառայությունը, հաջորդները ծառայելու, ովքեր են պաշտպանելու մեր մանուկների անհոգ ուսման իրավունքն ու մեր մեծերի մայրամուտը։ Հասկանու՞մ ենք արդյոք մենք սա, թե՞ ոչ, բայց քվեատուփին մոտենալիս ուղղակի պարտավոր ենք հասկանալ։

Հայրենակիցնե՛ր,

Հայաստանի և Արցախի անվտանգությունը մեր թիվ մեկ խնդիրն է։ Թիվ մեկ խնդիրը։

Հասարակության յուրաքանչյուր անդամ կարող է վստահ լինել: Չենք խնայել ու չենք խնայելու որևէ ջանք ու միջոց և նաև հնարավորություն՝ ավելի ամրապնդելու մեր անվտանգությունը, համալրելու այն նոր բաղադրիչներով: Մեր երկրի զարգացմանն ուղղված արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանն ուղղված ջանքերին զուգահեռ մենք շարունակելու ենք մեր զինված ուժերի արդիականացման, մարտունակության էլ ավելի բարձրացման, նորագույն ու համարժեք սպառազինություններով համալրման մեր, ըստ էության, այլընտրանք էլ չունեցող քաղաքականությունը:

Այո, միջազգային միջնորդների հետ միասին մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ հասնելու արցախյան հիմնախնդրի խաղաղ ու արժանապատիվ կարգավորմանը, կարգավորում, որը կարձանագրի Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ազատ ապրելու և արարելու անխախտ ու անվիճարկելի իրավունքը և կերաշխավորի տևական ու կայուն խաղաղություն: Բայց մենք մեր ոչ վաղ անցյալից, ապրիլյան պատերազմից գիտենք, թե սահմանի հակառակ կողմում ինչպիսի մտածողություն է տիրում և ինչ արժեքներ են քարոզվում, իրականության ու դրա հեռանկարների ինչպիսի աղճատված ու երևակայական ընկալումներ կան: Շատ պարզ ու հասկանալի հայտարարում եմ. մեր զինված ուժերը՝ մեր հավաքական պատիվն ու արժանապատվությունը, շարունակելու են իրենց պատրաստվածությամբ, սպառազինությամբ ու մարտական անգերազանցելի ոգով հակառակորդին պարտադրել խաղաղություն, եթե, Աստված մի արասցե, դրա անհրաժեշտությունը կրկին լինի:

Թող ոչ ոք չկասկածի՝ աշխարհում հատուկենտ ժողովուրդներ կան, որ գիտեն խաղաղության գինն այնպես, ինչպես մենք: Կրկին, թող ոչ ոք չկասկածի, մենք ժողովուրդ ենք, ում արժանապատվությունը առուծախի առարկա չէ, ում անհնար է սպառնալիքով մղել քայլերի, որ հակոտնյա է մեր արժանապատվությանն ու արդար զգացումին, նաև միջազգային իրավունքի նորմերին:

Շնորհակալություն սիրելի՛ ծնողներ՝ այսպիսի հերոս տղաներ դաստիարակելու համար: Շնորհակալություն սիրելի՛ զինվորներ՝ օրինակելի բարեխղճությամբ ձեր պարտքը հայրենիքի հանդեպ կատարելու համար: Շնորհակալություն պարո՛նայք սպաներ՝ ձեր գրագետ ու պատասխանատու առաջնորդության համար: Շնորհակալություն սիրելի՛ մարտական ընկերներ՝ ձեր անսահման նվիրումի համար:

Շնորհակալ եմ:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34