Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
Կարեն Կարապետյան. Համատիրության կառավարիչը պետք է լինի պրոֆեսիոնալ
27/04/2017 19:55
Կիսվել

Կարեն Կարապետյան. Համատիրության կառավարիչը պետք է լինի պրոֆեսիոնալ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե, ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության առջև դրված խնդիրները, լուծման տարբերակներն ու ծրագրերը:

Վարչապետին զեկուցվել է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության ոլորտը կարգավորող 997 նորմատիվ փաստաթղթերի (շինարարական նորմեր, կանոնների հավաքածուներ, ստանդարտներ, կարգեր, կանոններ) մշակման, վերանայման և տեղայնացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ արդիականացվել և գործողության մեջ է դրվել 436 փաստաթուղթ, նախկին ԽՍՀՄ տարիներից դեռևս գործում է 561-ը: Կոմիտեն առանձնացրել է առաջնահերթ վերանայման և արդիականացման ենթակա 36 նորմատիվ փաստաթուղթ, որի համար անհրաժեշտ է 257 մլն ՀՀ դրամ: Այդ նպատակով քայլեր են կատարվում նաև դրամաշնորհային միջոցներ ներգրավելու ուղղությամբ:

Կառավարության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ արդիականացնել նորմատիվատեխնիկական դաշտը՝ ազատվելով հնացած, չօգտագործվող նորմերից: «257 մլն ՀՀ դրամ հենց այնպես չենք տալու: 25 տարի է՝ մենք անկախ պետություն ենք, 561 նորմ ԽՍՀՄ-ից ինչո՞ւ ենք պահպանում, ինչո՞ւ չենք փոխում: Մենք պահում ենք գոյություն չունեցող երկրի նորմեր, ո՞րն է տրամաբանությունը: Գույքագրեք, թե ինչն է մեզ պետք, դասակարգեք ֆինանսական աղբյուրները, դրամաշնորհային հնարավորությունները, միջազգային փորձը, որ նորմատիվային դաշտը գոնե բազիսային մակարդակով արդիականացնենք: Այս ոլորտի դրայվերը դուք եք, մշակույթ մտցնողը դուք եք», – ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է բազմաբնակարան շենքերում համատիրությունների ստեղծման հետ կապված գործընթացի մասին: Վարչապետին զեկուցվել է, որ այս ոլորտում արված վերլուծությունը վեր է հանել համատիրությունների կողմից շենքերի շահագործմանը, կանոնների պահպանմանը, համատիրությունները կառավարող ընկերությունների և բնակչության իրավունքների ու պարտականություններին առնչվող մի շարք խնդիրներ, և անհրաժեշտ է այդ հարցերն ու մեխանիզմները հստակեցնել օրենքի ուժով։ Այդ նպատակով ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն ներկայացրել է «Համատիրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունների փաթեթ, որը ներկայում քննարկման փուլում է: «Կոլեկտիվ պատասխանատվությունը չաշխատող մեխանիզմ է: Համատիրության կառավարիչը պետք է լինի պրոֆեսիոնալ: Այդ պրոֆեսիոնալների մեջ պետք է լինի մրցունակություն: Պետությունն այս ինստիտուտի կայացման մեջ չափազանց ակտիվ դերակատարություն պետք է ունենա: Մենք առավելագույնս պետք է աջակցենք, որպեսզի այդ մասնավոր կառավարիչները ծնվեն և խոշորանան: Պետք է մշակենք պետական աջակցության մեխանիզմ, որով խնդիրները լուծելուց հետո արդեն կառավարումը հանձնենք մասնավորին: Մենք խնդիրները ֆունդամենտալ լուծում ենք, ինստիտուտը տալիս ենք, այնուհետև համայնքի բնակիչը, սեփականության մասնաբաժին ունենալով, ինքը պետք է վճարի, որպեսզի խնդիրը լուծվի: Եթե այս ինստիտուտի հիմքը լավ և տրամաբանորեն ճիշտ դնենք, մուլտիպլիկատիվ էֆեկտ ենք ստանալու՝ և´ ներդրող է հայտնվելու, և´ հետաքրքիր մշակույթ է ձևավորվելու», – ասել է վարչապետը: Ընդգծելով, որ համատիրությունների ոլորտի բարեփոխումը չափազանց կարևոր է՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումասիրել միջազգային փորձը և ներկայացնել համապարփակ լուծման տարբերակներ՝ ռեֆորմը հաջողելու համար:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել կառուցապատման բնագավառի հաստատված և կանխատեսվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ. կոմիտեի հաշվարկով՝ այս տարեվերջին շինարարության ոլորտում ակնկալվում է 15 տոկոս աճ՝ ՀՆԱ-ի մեջ մոտ 1-1.5 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ: Անդրադառնալով ներդրողների հետ աշխատանքների կանոնակարգման հարցին՝ կոմիտեի նախագահն առաջարկել է ստեղծել կառավարման գործուն օղակ, հանձնաժողով, որը պարբերաբար կքննարկի ընթացիկ հարցերը և լուծում կտա։ Այս առնչությամբ կառավարության ղեկավարն ասել է. «Եթե կառավարման համակարգը չի աշխատում, այն պետք է փոխվի: Եթե մենք կանոնավոր գործող հանձնաժողովի անհրաժեշտություն ունենք, ես դեմ չեմ, որ այդ ինստիտուտը ձևավորենք, բայց ակնկալում եմ ձեզնից առաջարկություններ բոլոր նեղ տեղերի վերաբերյալ, որոնք այսօր մեր պոտենցիալ ներդրողին խանգարում են: Այդ հարթակում, բացի առօրյա հարցերից, մի քանի ամսվա աշխատանքի վիճակագրության հիման վրա կվերացնենք նաև համակարգային խանգարող խնդիրները»:

Վարչապետ Կարապետյանին տեղեկատվություն է ներկայացվել նաև ՀՀ տարածքում բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման և հաստատման, շինարարության համալիրում գնագոյացման սկզբունքները ձևավորող բաղադրիչների արդիականացման, նոր տեխնոլոգիաների մշակման և ներդրդման, գնումների գործընթացի բարելավման, բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների պահպանման, շահագործման, հուսալիության բարձրացման և սեյսմիկ անվտանգության բարելավման համալիր միջոցառումների մշակման, քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի փորձաքննության արդյունավետության բարձրացման, լիցենզավորման գործընթացի և պետական վերահսկողության խնդիրների կարգավորման վերաբերյալ: Կարեն Կարապետյանը կարևորել է այս ուղղություններով աշխատանքների շարունակականությունն ու հետևողականությունը՝ հանձնարարելով ներկայացնել առաջարկությունների փաթեթ:

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87