Վիվասել-ՄՏՍ. Սպասված այց՝ անակնկալ արդյունքով
Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի կիսակառույցներից մեկն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության 2017 թվականի ծրագրում: Տանտիրոջ՝ հիսուներկուամյա Հայկ Բաղդասարյանի և ընտանիքի համար, ուսումնասիրություների նպատակով կազմակերպված հերթական շրջայցն ավարտվել է հաճելի անակնկալով: Ծրագրի պահանջներին համապատասխանությունից ելնելով՝ ընտանիքին հայտարարվել է շահառու դառնալու մասին:
Բաղդասարյանների տան հիմքերը փորվել են քսան տարի առաջ, երբ նրանք լիահույս էին, որ շինարարությունն ավարտին հասցնելը բարդ գործ չի լինելու: Մինչև օրս, տանտիրոջը հաջողվել է կառուցել շինության պատերն ու այն մասամբ պաշտպանել ծածկով: Կանգ առած շինարարության պատճառով, կիսակառույցը տուն դարձնելը երազանքներից այն կողմ չի անցել: Երկու տասնամյակ, Հայկի ընտանիքը՝ կինն ու հասուն երեք որդիները, ստիպված են եղել ապրել նախ՝ Հայկի հայրական տանը, ապա՝ վարձով, համագյուղացու կիսավեր բնակարանում: Մեծ որդին՝ Արգիշտին, ծառայում է Հայոց բանակում՝ Մարտակերտում: Մյուս երկուսը դպրոցական են:
Հարյուրից ավելի ընտանիքի երջանկություն պարգևած գործընկեր կառույցները հերթական ընտանիքին վաղվա օրվա նկատմամբ վստահություն են ներշնչել: Բաղդասարյանների երազանքների տունը մինչև տարեվերջ կկառուցվի:
«Անսահման ուրախ եմ: Վաղուց այսպիսի լավ լուր չէի լսել: Ամբողջ կյանքում և՛ ես, և՛ կինս ու որդիներս ծանր ու քրտնաջան աշխատել ենք՝ մեր տան շինարարությունն ավարտելու համար, սակայն ապարդյուն: Հազիվ կարողացել ենք հոգալ առօրյա հոգսերը: Այսօր երջանիկ օր է մեզ համար»,-ասել է ընտանիքի հայրը՝ Հայկը:
«Բնակարանաշինության ծրագիրն աջակցում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին՝ կառուցել ու վերանորոգել իրենց բնակարանը: Քանի որ Հայաստանում տան խնդիր ունեցող ընտանիքների թիվը մեծ է, մենք ստիպված ենք լինում ընտրություն կատարել. այցելում ենք, ուսումնասիրում, գնահատում կարիքի աստիճանը, ապա՝ ընտրված ընտանիքների հետ սկսում ենք շինարարական աշխատանքներն ու մինչև տարեվերջ ավարտին հասցնում դրանք: Ուրախ եմ այս ընտանիքի համար, ինչպես նաև այն բոլոր ընտանիքների, որ այս տարեվերջին բարեկարգ բնակարան կունենան` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության արդյունքում»,-ասել է կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանը:
————————
ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 565 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին: