Մայիսի 31-ից մեկնարկում է Երևան-Աստանա ավիաչվերթը
Ղազախական SCAT ավիաընկերությունը ամառային նավիգացիոն շրջանում կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան՝ Երևան: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ավիաընկերությունից, Ղազախստանում թռիչքները կիրականացվեն երեք քաղաքներից՝ Պավլոդար, Շիքմեթ ու Ալմաթի: Բոլոր չվերթներն իրականացվելու են Boeing-737 օդանավերով:
Նոր չվերթի բացումը հնարավոր է եղել Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հանդիպման շնորհիվ: Հանդիպմանը կողմերը հայտարարություն էին արել այն մասին, որ Ղազախստանի ու Հայաստանի մայրաքաղաքների միջև կբացվի ուղիղ ավիափոխադրում:
Աստանա-Երևան առաջին ուղիղ չվերթը կիրականացվի մայիսի 31-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԳԱԱ ինստիտուտների պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը:
«Դեռ մեկ տարի առաջ, երբ եկա Հայաստան, ընկերներս անընդմեջ ասում էին, որ պետք է ուղիղ չվերթ ունենալ, նաեւ Տրանսպորտի նախարարը, վարչապետը: Վերջապես, դա անում ենք: Արդեն յուրաքանչյուրը կարող է գնել տոմս եւ 3-4 ժամից հայտնվել Աստանայում, ընդ որում՝ այսպես ավելի մատչելի սակագներ են ստացվում»,- ասաց Ղազախստանի դեսպանը՝ նշելով, որ Աստանա-Երևան ուղիղ չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ: