Վահան Մարտիրոսյան. Հյուսիս – Հարավի Երևան-Գյումրի հատվածի շինարարությունը կավարտվի 2019 թ. ամռանը
Մինչև 2017թ-ի հուլիսի վերջ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին մոտ 4 կմ հատվածում բետոնապատման աշխատանքները կավարտվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ ճանապարհի Երևան-Գյումրի հատվածն արդեն 2019 թվականի ամռանը ավարտված կլինի։
«Հյուսիս-հարավ ավտոճանապարհի աշխատանքները շարունակվում են։ Երեկ ես այցելել էի այնտեղ և երկու տարածքներում էլ եղել եմ, որտեղ աշխատում են չինական և իսպանական ընկերությունները։ Գարնան ընթացքում խնդիրներ կային, այժմ ամեն ինչ կարգավորվել է։ Իսպանական հատվածում ճանապարհի կողմից չի երևում, բայց բավականին շատ բետոնապատման աշխատանքներ են արվել։ Մինչև ամսվա վերջ մոտ 4 կմ բետոնապատ ճանապարհ կունենանք։ Օրեկան միջինում 300 մ բետոնապատման աշխատանքներ են արվում, զուգահեռ պատրաստում են հիմքերն, ակտիվ աշխատում են ամբողջ տարածքով»,- ընդգծեց նախարարը։
Թալին-Գյումրի հատվածին աշխատում է չինական մի ընկերություն և համեմատելով նախորդ տարեվերջի հետ՝ Մարտիրոսյանն ասաց, որ շինարարական աշխատանքներն այժմ բավականին ակտիվացել են։