Այս տարի Հայաստանը եվրոպական երկրների հետ իրականացրել է ավելի քան $800 մլն առևտուր
Ընթացիկ տարվա առաջին յոթ ամսում՝ հունվար-հուլիսին, Հայաստանի և Եվրամիության անդամ երկրների միջև առևտրային հարաբերություններում գրանցվել է ակտիվություն:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հաշվետու ամիսներին Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 816.01 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համադրելի ժամանկահատավածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 23%-ով:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ Եվրամիության մասնաբաժինը մեր երկրի արտաքին առևտրի ընդհանուր կառուցվածքում կազմել է ավելի քան 24%: Հայաստանի հետ առևտրի առավել մեծ ծավալներով առաձնացել են Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան և Նիդերլանդները:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին Հայաստանից Եվրամիություն արտահանումը կազմել է 355.19 մլն ԱՄՆ դոլար, իսկ Եվրամիությունից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 460.82 մլն ԱՄՆ դոլար:
Տարեկան կտրվածքով Հայաստանից Եվրոպա արտահանումը աճել է ավելի քան 30%-ով, իսկ Եվրոպայից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 17%-ով: Արդյունքում, մեր երկրի արտահանման կառուցվածքում Եվրամիության մասնաբաժինը կազմել է մոտ 30%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 21%: