Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆորովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաևը, Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, պաշտոնատար այլ անձինք:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: