Վարդան Հարությունյանը չի բացառում 2018թ. նախատեսվածից շատ հարկային եկամուտների ապահովումը
Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը չի բացառում, որ 2018թ. հարկային եկամուտներն ավելի շատ լինեն, քան նախատեսված է ապահովել պետական բյուջեի ծրագրով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վարդան Հարությունյանն ընդգծեց, որ դա կարող է լինել ստվերի դեմ արդյունավետ պայքարի արդյունքում:
«Դուք գիտեք, որ մենք այս տարի հարկային եկամուտների զգալի աճ ենք արձանագրել: Առանց ստվերի դեմ արդյունավետ պայքարի, այդ արդյունքները մենք չէինք ունենա: Եվ, միգուցե, մենք ստվերի դեմ ակտիվ պայքարը շարունակելու արդյունքում 2018թ. ևս կարողանանք ավելի շատ հարկային եկամուտներ ապահովել, քան նախատեսված է բյուջեի ծրագրով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց ՊԵԿ նախագահը:
Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ հայտարարել է, որ ակտիվ պայքար է մղելու ստվերի դեմ՝ ընդգծելով, որ իր խոստացածն այս ընթացքում կատարել է: «Այն, ինչ ես ձեզ խոստացել եմ մեկ տարի առաջ, կատարել եմ ու շարունակելու եմ կատարել»,- վստահեցրեց Վարդան Հարությունյանը: