Գերմանական ներդրումներով Հայաստանում կհիմնվի նոր բիզնես կենտրոն
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 9-ին ընդունել է գերմանացի ներդրող Բեռնի Զիլդենմանին։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրի գրավչությունները և հավելել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ներդրողների հետ քննարկելու աջակցության մեխանզիմները։
Բեռնի Զիլդենմանը շնորհակալություն է հայտնել նախարարին ցուցաբերած ուշադրության համար և տեղեկացրել, որ շուտով Երևանում կբացվի նոր բիզնես կենտրոն, որի ներդրումները կազմել են շուրջ 2 միլիոն դոլար։ Սկզբնական փուլում, ըստ ներդրողի, կստեղծվի 20 նոր աշխատատեղ։ Բեռնի Զիլդենմանի խոսքով՝ իրենք ունեն Հայաստանում ներդրումային գործունեությունը շարունակելու ծրագրեր։